Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Ալումյան
A A
Հասարակություն

Դուք «դռների տակ վնգստացող դատավորների» ցուցակի մեջ կա՞ք, թե՞ չկաք․ Ալումյանը՝ դատավորին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի՝ վերջինիս գրավով ազատ արձակելու միջնորդությունը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մերժելուց հետո հայտարարությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Պնդում եմ, որ խափանման միջոցի հետ կապված թե՛ նախորդ դատական նիստում դատարանի հրապարակված որոշումը, թե՛ այսօրվա որոշումը կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ, բացահայտ ճնշումների ազդեցության տակ։ Դատարանն այսպիսով դարձել է գործիք՝ պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումի համար։ Այսօր դատարանը գործում է որպես գործադիր իշխանության գործիք»։

Դիմելով դատավորին՝ Հայկ Ալումյանն ընդգծեց, որ նրան զրկել են սեփական կամքից, և նա հիմա գործում է դատարանի տեսքով, բայց ոչ բովանդակությամբ։

«Այստեղ դատարան բովանդակային առումով գոյություն չունի։ Մեր պաշտպանյալը ՀՀ-ում զրկված է դատարանի իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։ Բացի այդ՝ հայտարարում եմ, որ դատարանի նկատմամբ հերթական ճնշումներ գործադրելուց մեկի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ դատական համակարգում գոյություն ունեն դռների տակ վնգստացող դատավորներ, այդ հանգամանքը իր հրապարակային ելույթներից մեկում հաստատել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Մենք պատրաստվում ենք Ձեզ միջնորդել, որպեսզի Դուք ինքնաբացարկ հայտնեք և ի թիվս այլ հանգամանքների, որոնք կապված են լինելու մեր միջնորդության հետ, մենք ուզում ենք իմանալ, պարոն Վարդազարյանն ասաց, որ «վնգստացող դատավորներին» դատական համակարգում ճանաչում են, բայց հանրությունը կոնկրետ չգիտի»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։

Նա այսօր դիմել է ԲԴԽ նախագահին, որպեսզի վերջինս թվարկի «դռների տակ վնգստացող դատավորների» ցուցակը։

«Կուզենայի Ձեզանից ճշտել հարգելի դատարան, դուք անձամբ «դռների տակ վնգստացող դատավորների» ցուցակի մեջ կա՞ք, թե՞ չկաք»,- հարց ուղղեց Հայկ Ալումյանը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը, դիմելով պարոն Ալումյանին, հորդորեց զերծ մնալ նման հարցադրումներից։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանից մեկ աշխատանքային օր պահանջեց, որպեսզի դատավորին բացարկի միջնորդություն ներկայացնեն։ Դատավորը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 23-ից 27-ը մասնակցելու է Արդարադատության ակադեմիայի դասընթացներին, և դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին, ժամը 13։00-ին։