Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Թունավորվել են պահածոյացված վարունգից․ բոտուլիզմի դեպք է արձանագրվել

Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված վարունգն է: Ուտելուց 24 ժամ անց նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են Երևան՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ, տեղեկանում ենք Աողջապահության նախարարությունից։

Հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` միջին ծանրության։ Թունավորվածների բուժումը շարունակվում է:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է`

  • խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
  • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
  • չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
  • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:

Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: 

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել  համը, հոտը, գույնը և տեսքը:

Հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում։ Դրանք են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: