Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Ներկայիս արձանները ոչ մի ասելիք չունեն․ մշակութային մարդաբան (տեսանյութ)

Ո՞ւմ կարելի է հերոս համարել և նրա արձանը կանգնեցնել պատվանդանին։ Այս մասին այսօր խոսել են մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը և քանդակագործ Վիգեն Ավետիսը։

«Երևանը վաղուց հանրային տարածքի գաղափարը կորցրել է, 30 տարի ամեն մեկը՝ քաղաքապետ, թաղապետ, իր ճաշակով ձևավորել է այն, սկսել մեծարել իր հերոսներին»,- ասում է քանդակագործ Վիգեն Ավետիսը և առաջարկում արվեստի ոլորտում ևս քաղաքական կամք դրսևորել ու «վերացնել քաղաքն աղավաղող արձանները»։

Գայանե Շագոյանն անդրադարձավ Վանաձոր-Գյումրի ճանապարհին տեղադրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանին՝ նշելով, որ հերոսների արձանների պատվիրատուն հաճախ կարող է հասարակությունը լինել, սակայն հարց է, թե որքանո՞վ է այսօրվա արձանային լեզվին հարիր քաղաքական դեմքերի արձանները դնելու գաղափարը։

«Այսօրվա պատմական ընթացքը փորձ է անում քաղաքական դեմքերից շրջադարձ կատարել հասարակ մարդուն, և երբեմն անանուն հերոսները ավելի մնայուն ու ընդունված են լինում»։

Բանախոսները նշեցին, որ խորհրդային տարիներին արձանների տեղադրումը լուծում էր սովետական գաղափարախոսությունը տարածելու խնդիր, հիմա շատ հաճախ այն մեծահարուստների փառասիրությանը հագուրդ տալու գործիք է։ Վիգեն Ավետիսը, սակայն, հույս հայտնեց, որ նոր սերունդը կմերժի այդ ցուցամոլությունը։

«Ճարտարապետներից, քանդակագործներից ավելի լավ ոչ մեկը չգիտի, թե ինչքան են աղավաղում և վատ գործեր դնում»,- ասում է քանդակագործը և նշում, որ արվեստագետը պետք է այնքան հեռատես լինի,որ հրաժարվի նաև մեծ գումարներից։

Գայանե Շագոյանն էլ այս հարցի կարևորությունը ընդգծեց նաև զբոսաշրջության ոլորտում, ըստ նրա՝ ներկայիս արձանները ոչ մի ասելիք չունեն։

«Կարծում եմ՝ նախևառաջ պետք է գանք այն հասարակական կոնսենսուսի, որ պետք չէ որևէ մեկին դարձնել քննարկումից դուրս՝ դնելով նրա արձանը, և պետք է ժամանակը որոշի՝ ովքե՞ր են ազգային արժեք և արժանի՝ արձանը դրվելու»։