Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գործ ունենք մի երևույթի հետ, երբ մարդուն բռնում են, հետո որոշում՝ ինչ անել․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի հետ կապված գործընթացն աննախադեպ է, կարևոր է, որպեսզի հասարակությունը իմանա, թե այն ինչ վտանգներ կարող է ունենալ։ Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Այսկերպ գործելով՝ իշխանությունը ցանկանում է Սահմանադրական դատարանի հանդեպ վերահսկողություն իրականացնի։ Եթե դատավորը այս -այս խախտումներն է արել, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան բարձր շեմ պետք է դրված լինի, որ դատավորի գործողությունը դադարեցվի։ Բայց մենք այդ հիմքերը չենք տեսնում, ստացվում է մի իրավիճակ, ինչը, կարծում էի, որ մենք վերջնականապես ենք հաղթահարել, երբ  մարդուն ձերբակալում էին, հետո սկսում էին մտածել՝ ինչ մեղադրանք առաջադրեն։ Հիմա գործընթաց են սկսում, և պետք է հանրությանը ներկայացնեն, թե ինչ հիմնավորումներ կան՝ այդ գործընթացը սկսելու համար»,- ասաց նա։

Փաստաբան Լուսինե Սահակյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի հանդեպ գործադրվող ճնշումները հարիր չեն իրավական պետությանը։

«Այսկերպ գործադիր մարմինը փորձում է իր հսկողությունը սահմանել բոլոր դատարանների վրա, այդ թվում՝ նաև Սահմանադրական դատարանի նկատմամբ և տեսնելով, որ չի կարողանում իր հսկողությունը տարածել՝ դիմում է նման քայլերի։Մենք պետք է հասկանանք, որ այստեղ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը չէ, և պետք է հասարակությունը հասկանա, որ մի գործով  պայմանավորված՝ չի կարող երկիրը կործանվել։ Չի կարող գործադիր իշխանությունը միջամտի դատական իշխանությանը, սա լուրջ խնդիրներ է առաջացնում պետության համար։ Հարցը հասել է նրան, որ պատգամավորները հնչեցնում են կարծիք, որ եթե  «Իմ քայլը» խմբակցությունը մի բան ցանկանում է, ոչ մեկ խոսելու իրավունք չունի։ Սա լուրջ մարտահրավեր է իրավական պետությանը»։