Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Աղքատության փուլային հաղթահարման ծրագրում 108 ընտանիք է ներառվել (տեսանյութ)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Վորլդ Վիժն» կազմակերպության և « Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ մշակել են «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը։ Ներառված է 108 ընտանիք։ Նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վրա ծախսել  մոտավորապես 600 000 դրամ։

Ծրագրի շրջանակներում, սոցիալապես անապահով ընտանիքներին ֆինանսական աջակցությունից բացի, տրամադրվելու է նաև մասնագիտական հմտություններ ձեռք բերելու եւ վերապատրաստվելու հնարավորություն։

Ծրագրի իրականացման համար սոցիալական աշխատողը կազմում է յուրաքանչյուր ընտանիքի զարգացման անհատական պլան, որի ժամանակ հաշվի են առնվում ընտանեկան խնդիրներն, առանձնահատկությունները և կարողությունները։

«2017 թվականին ընտրեցինք 90 ընտանիք՝ Հայաստանի տարբեր մարզերից և համայնքներում բնակվող։ Փորձը ցույց է տվել, որ ընտանիքների 90 տոկոսի մոտ գրանցվել է մշտական եկամտի աճ։ Ընտանիքների եկամտի աճը միջինում եղել է 55 տոկոս, հատկանշական է, որ 15 ամիս հետո ընտանիքների 48 տոկոսը հաղթահարել էր ծայրահեղ աղքատության շեմը։ Մենք արձանագրել ենք, որ այս ընտանիքներից 96 տոկոսի մոտ երեխաների զարգացման հետ կապված բոլոր կարիքները ՝կրթությունը, զարգացումը, սնուցումը բավարարվում են»։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց նաև, որ 2017 թվականի տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է  25,7 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1,4 տոկոս։

Նրա խոսքով՝ կարևորվում է դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց ոչ միայն ֆինանսական կամ նյութական աջակցությունը, այլ կարողությունների զարգացումը՝ վերապատրաստումների և տարբեր ծառայությունների տրամադրման միջոցով։ Այդ ծառայությունները իրենց մեջ ներառում են տարբեր ծրագրերին մասնակցություն անասնապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

«Ես հույս ունեմ, որ այս տարի հնարավորություն կունենանք 1000 ընտանիքի ցուցաբերել աջակցություն։ Նախատեսում ենք դա իրականացնել մեր տնտեսումների հաշվին, որի մասին վարչապետն արդեն նշել է։ Ես վստահ եմ որ սա լավագույն միջոցն է դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքներին օգնելու համար։