Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քիչ հավանական եմ համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը․ «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)

Ազգային ժողովը մտադիր է Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարել։

«Իմ Քայլը» խմբակցությունն այսօր նախաձեռնել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի շուրջ օրենսդրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ հանրային քննարկում։

Խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ներկայացմամբ՝ դրանք միտված են Կուսակցությունների մասին օրենքում և Ընտրական օրենսգրքում առկա բացերը լրացնել։ Օրինակ՝ կարգավորել կուսակցությունների ֆինանսավորման, գրանցման և գործունեության պայմանները։

Համազասպ Դանիելյանը նկատեց, որ հանրային ֆինանսավորումը նպատակ ունի կուսակցությունները բիզնեսի ազդեցությունից նվազեցնելը, բայց ըստ նրա՝ դա այդքան էլ լավ չի ծառայել իր նպատակին։

«Հայաստանում կուսակցությունների հանրային ֆինանսավորում ներմուծվել է 2002-ին Կուսակցությունների մասին օրենքով։ Վերջին 10 տարիների ընթացքում կուսակցություններին հատկացվել է մոտ 900 000 000 դրամ, դրա առյուծի բաժինը՝ 70-80 %-ը, գնացել է իշխող կուսակցություններին»,- նկատեց նա ու հավելեց, որ այն կուսակցությունները, որոնք ստացել են հանրային ֆինանսավորում, հիմա խորհրդարանից դուրս են։

Խմբակցությունում չեն մոռացել նաև ռեյտինգային ընտրակարգի մասին։ Ըստ Համազասպ Դանիելյանի՝ այդ ընտրակարգը անպայման փոխվելու է, բայց այս պահին հրատապ խնդիրը դա չէ։ Ե՞րբ պատրաստ կլինի նախագիծը. Համազասպ Դանիելյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 18- ին խորհրդարանում նախատեսվում են այս թեմայով լսումներ անցկացնել, և իրենք մտադիր են այդ լսումներին ներկայացնել նախագիծը։

Ի դեպ, «Ա1+»-ը հետաքրքրվեց պատգամավորից, թե հավանական համարո՞ւմ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսում այդ մասին խոսել էր։

«Այս Ազգային ժողովի առաջնահերթությունն այս փոփոխություններն իրականացնելն է։ Անկախ նրանից, թե ընտրությունները կլինեն արտահերթ ռեժիմով, թե հերթական, հաջորդ ընտրություններին ընդառաջ՝ մենք պետք է ունենանք բարենպաստ օրենքներ թե՛ կուսակցությունների, թե՛ ընտրությունների կազմակերպման համար։ Քիչ հավանական եմ համարում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, որովհետև խոսում ենք այն ԱԺ-ի մասին, որը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է ընտրվել իրապես ժողովրդավարական ընտրությունների միջոցով»,- եզրափակեց նա։