Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հեռացողները խոսում են անհարգալից․ Գորգիսյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցութոան պատգամավոր Գևորգ Գորգիսյանին չի գոհացնում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի ոճը։ Պատգամավորն ակնկալում է, որ յուրաքանչյուր հրաժարականի պարագայում պետք է նշվեն դրա պատճառների մասին։

«Ցավալի է, որ շարունակվում է փակ դռների հետևում մութ հրաժարականներ ներկայացնելը։ Նախկին իշխանության ժամանակ մենք ասել ենք, որ եթե ինչ-որ մեկին հեռացնում են աշխատանքից, որը կարևոր պաշտոն է զբաղեցրել, ապա պետք է պատճառների մասին նշվի, իսկ այդ պատճառների մասին ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա չնշվեց։ Ավելին, եթե նախկինում հեռացողները վախենում էին խոսել, հիմա հեռացողները խոսում են անհարգալից և հեգնանքով։ Օրինակ՝ Վանեցյանի հեռանալը այսպիսին էր՝ ես ձեր քաոտիկ համակարգում անելիք չունեմ, դա իմ պատվից ցածր է»,- նկատեց նա։

Պատգամավորը զերծ մնաց մեկնաբանել այն լուրերը, թե նաև ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարականներ կներկայացնեն։ Ինչի՞ մասին է խոսում հրաժարականը, հնարավո՞ր է, որ իշխող ուժի ներսում հակասություններ են եղել, և դրան հաջորդել և կհաջորդեն հրաժարականները, հետաքրքրվեցինք Գևորգ Գորգիսյանից։

«Միայն Վանեցյանի հրաժարականը բավական էր, որպեսզի մենք տեսնենք, որ այնտեղ կան խնդիրներ։ Բոլոր հարցումներով 2-րդ տեղում Արթուր Վանեցյանն էր, և հիմա ներսում կան խնդիրներ և հատկապես հաշվի առնելով այն, թե ինչ պաշտոն էր զբաղեցնում պարոն Վանեցյանը, նա կարող է շատ վտանգավոր հակառակորդ դառնալ իշխանության համար»,- պատասխանեց նա։