Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_4530
A A
Հասարակություն

Տեղի է ունեցել «Վերջ տալ համացանցում երեխաների սեռական շահագործմանը և բռնությանը» ծրագրի մեկնարկը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ԵԽ աջակցությամբ իրականացվող Վերջ տալ համացանցում երեխաների սեռական շահագործմանը և բռնությանը ծրագրի մեկնարկը: Ծրագիրն իրականացվում է Վարչապետի աշխատակազմի, Արդարադատության նախարարության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ:

Միջոցառման բացմանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի անունից ողջույնի խոսք է հղել փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը: Կարևորելով ծրագրի իրականացումն այս փուլում՝ Քրմոյանն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է Կառավարության գերակայություններից և այդ ճանապարհին որպես հիմնական մարտահրավեր նախանշել է երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն իր բոլոր դրսևորումներով:

Փոխնախարար Գրիգորյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ընդգծել է, որ երեխաներին սեռական շահագործումից և բռնությունից պաշտպանելուն ուղղված այս ծրագրով առաջադրվող նպատակն առավել կարևոր ու կենտրանական տեղ է զբաղեցնում մարդու իրավունքների պաշտպանության ազգային օրակարգում և այս ծրագրով նախանշվող գործողություններն ամբողջությամբ ներառվելու են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ:

Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է նաև, որ ծրագրի մեկնարկը համահունչ է Կառավարության կողմից հանրահռչակած՝ բռնությունից ազատ հասարակություն կառուցելու հիմնական նպատակին, որն իր գործնական արտացոլումն է գտել թե Կառավարության ծրագրում և թե Եվրոպայի խորհրդի հետ եռամյա համագործակցության գործողությունների ծրագրում:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը նշել է իրավական փաստաթղթերի մշակմանը զուգահեռ նաև կրթության և իրազեկվածության կարևորությունն ուղղված բռնության կանխարգելմանը, ինչպես նաև ընդգծել միջգերատեսչական համագործակցության համատեքստում բազմաշահառու հարթակի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն