Բացել լրահոսը Փակել լրահոսը
3
A A
Պաշտոնական

Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է հետևողական քայլերը հանրապետության բոլոր մարզերի մսի շուկաներում առկա խախտումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ: Վանաձորյան նախորդ այցելության ժամանակ մսի իրացման շուկայում արձանագրվել էին անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, սննդի համար պիտանի ճանաչված մսի դրոշմակնիքի, վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ տարրական նորմերի, անձնակազմի սանիտարական գրքույկների բացակայության և պարբերական բուժզննության ժամկետների խախտման դեպքեր: Տնտեսվարողների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել կարճ ժամկետում խախտումները վերացնելու մասին:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի անակնկալ այցի նպատակն էր անձամբ հավաստիանալ, որ Վանաձորի շուկայի մսի տաղավարներում իրավիճակը փոխվել է, Տեսչական մարմնի հանձնարարականները կատարվել են:

Առկա վիճակը բավարար է եղել, խնդիրները՝ հասցված նվազագույնի: Տեսչական մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ պետական վերահսկողական միջոցառումները լինելու են շարունակական, իսկ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն տնտեսավարողները կարող են ստանալ ցանկացած պահի՝ այդ թվում և թեժ գծի միջոցով (010-206040 կամ 0129--906090):

Վանաձորի իրացման կետերի մսի տաղավարներից երկուսում ոչ միայն բավարար սանիտարահիգիենիկ պայմաններ են եղել, այլև վաճառվել էր միան սպանդանոցային ծագման միս և մսեղիք. ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգել և արձանագրել են սպանդանոցից խանութ ողջ գործընթացը:

Որպես 100 տոկոսով սպանդանոցային միս և մսեղիք իրացնող մսի վաճառքի կետեր, Գեորգի Ավետիսյանը համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր է հանձնել Ա/Ձ Դավիթ Մխիթարյանին և «Սպարապետ» ՍՊԸ-ին:

Հիշեցնենք, որ հանրապետությունում գործող սպանդանոցների քանակն այս պահին արդեն բավարար է հանրապետությունում թարմ մսի պահանջարկը բավարարելու համար, և 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը կլինի պարտադիր:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին