Աստղագիտության օրվան ընդառաջ․ Բյուրականի աստղադիտարանը վաղը բաց կլինի այցելուների համար
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 18-ին աշխարհն ու Հայաստանը կնշեն Աստղագիտության օրը։ Վաղը Բյուրականի աստղադիտարանում միջոցառումներ են սպասվում՝ գիտնականները ելույթներ կունենան։ Այնուհետև երեկոյան հանրային քննարկում կլինի աստղադիտարանի հյուրերի համար։
Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի մուտքը վաղն անվճար կլինի՝ ժամը 18։00-ից սկսած։
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, վաղվա միջոցառումներին ընդառաջ, ամփոփում է արդեն արվածն ու բարձրացնում դեռ առկա խնդիրներն աստղագիտության ոլորտում։ Ըստ նրա՝ Հայաստանում գիտությունը մնում է կարևորագույն ոլորտներից մեկը։
«Հայաստանը, լինելով գիտությամբ հզոր երկիր, աշխարհում հարգված պետություն է։ Հայաստանին հարգում են։ Գիտության ոլորտում լուրջ ներդրումներ են պետք, քանի որ նույնիսկ առանց ներդրումների գիտությունն իրեն բավական լավ է դրսևորում, ուր մնաց՝ եթե մի փոքր ավելացնենք։ Խոսքն, ի դեպ, խոշոր ներդրումների մասին չէ․ թեկուզ կրկնապատկվեր, որը չնչին բան է մեր բյուջեի համար։ Ես օրինակ պնդում եմ, որ եթե Հայաստանը հզոր պետությունների, ենթադրենք՝ նաև Ադրբեջանի հետ, նստում է բանակցությունների սեղանի շուրջ, Ադրբեջանը սեղանին դնում է իր նավթը կամ փողերը, մենք դնում ենք մեր մշակույթն ու գիտությունը։ Ուրիշ բան չունենք»,- ասում է Միքայելյանը։
Աստղադիտարանի տնօրենի խոսքով՝ իրենք Կառավարության հետ միշտ կապի մեջ են, և ինչ-որ քննարկում լինում է։
«Բայց պիտի քննադատական ասեմ՝ ոչ մի լուրջ արդյունք ես դեռևս չեմ տեսել, որ որևէ ներդրում լինի կամ էապես մոտեցում փոխվի։ Խոսքերով՝ այո, ասվում է։ Խոսքերով վերջին ամիսներին երբ էլ նայեք՝ նախարարներից սկսած մինչև վարչապետ ասում են՝ գիտությունը կարևոր է, գիտությունը կարևոր է, բայց միայն խոսքերը շատ քիչ են»,-ասում է Միքայելյանն ու ավելացնում ՝ լավ է, որ քննարկում կա, բայց խոսքերը կարելի է վերածել կոնկրետ գործողությունների։
Հիշեցնում է արտերկրի օրինակը, երբ գիտությունը ֆինանսավորող գործարարներն իրենց տրամադրած գումարի չափով ազատվում են հարկերից։ Մյուս կողմից, ասում է՝ կարելի է գիտնականներին ազատել մաքսային հարկերից, երբ արտերկրից գիտական սարքավորումներ են ներկրում։ Ասում է՝ իրենց հաճախ սարքավորումներ են նվիրում, սակայն Հայաստան ներմուծելիս խնդիր են ունենում։
«Հենց հիմա մեր ակադեմիայի ինֆորմատիկայի ինստիտուտը Թուլուզի ինֆորմատիկայի ինստիտուտից նվիրատվություն ունի՝ հսկայական համակարգիչ, որը կոչվում է «սուպեր համակարգիչ»։ Հայաստանի բոլոր համակարգիչները որ իրար գումարենք՝ դա ավելի հզոր է լինելու։ Նվիրել են, բայց արդեն մի տարին լրացավ՝ չենք կարողանում բերել։ Նախ՝ տեղափոխման ծախսերը, գումարած դրան՝ այստեղ տեղադրելու և պահպանելու, էլեկտրաէներգիայի, հովացման ծախսերը։ Սա Կառավարությունում քննարկման փուլում է, բայց մի տարի է, և անընդհատ ասում ենք՝ հուսանք, հուսանք։ Դա որ լինի, շատ կնպաստի գիտության ավելի բարձր մակարդակով աշխատելուն»,- ասաց նա։