Բացել լրահոսը Փակել լրահոսը
էդմոն մարուքյան
A A
Քաղաքականություն

Արթուր Վանեցյանն իր հայտարարությամբ սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցը սկսեց երեկ՝ անդրադառնալով խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին։

Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով մամուլում տեղ գտած լուրերին, շեշտեց, թե լուսաբանվել է այնպես, թե «Լուսավոր Հայաստանը» բերել է մի նախագիծ, ըստ որի՝ ով ուզի, կարող է դառնալ ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ։

Պատգամավորը խմբակցության նկատմամբ հակաքարոզչության փորձ է նկատում և պարզաբանում, որ խմբակցությունը գտնում է, որ իրենց առաջարկած փոփոխություններն այլընտրանք չունեն։

«Ես տեսա, որ նաև ինչ-որ նախկին ոստիկանների, մարդկանց էին մամուլում հարցեր տվել: Ինչ-որ մարդ էր մեզ քննադատում, որն, ասենք, Ոստիկանության մանկապարտեզը սեփականաշնորհել, շենք է կառուցել՝ նախկին ոստիկանապետը, ասում է՝ ոնց կարելի է պրոֆեսիոնալիզմը բաց թողնել»,-ընդգծեց նա։

Էդմոն Մարուքյանը վստահեցնում է, որ ով ուզի, չի կարող դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ, կդառնան նրանք, որոնք քաղաքական պատասխանատվություն կկրեն և նրանք, ում կվստահի ԱԺ-ի կողմից վստահված և ընտրված գործադիր իշխանության ղեկավարը։

Խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականին։ Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստից կարելի էր ենթադրել, որ նա քաղաքականություն մուտք գործելու միտում ունի։

«Մեր քաղաքական ինտուիցիան հուշում է, որ պարոն Վանեցյանի կողմից արված հայտարարությունը հեռուն գնացող հայտարարություն է։ Այդ հայտարարությամբ նա սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը և փորձելու է քաղաքական գործունեության մեջ շարունակել իր գործը»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը նաև անդրադարձավ այն հրապարակումներին, թե «Լուսավոր Հայաստանը» «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի վերաբերյալ նախագիծը պատահական չէ ներկայացրել հիմա։

Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ նախագիծը դեռ ամռան սկզբում է ներկայացվել, և նրանք չէին կարող կանխատեսել, որ Արթուր Վանեցյանը հրաժարական կտա։

«Հունիս ամսին մենք ինչ գիտեինք, որ օրինագծի առաջին ընթերցման օրը Վանեցյանը հրաժարական կտա, կամ վարչապետը նրան ազատելու է»։

Հավելելով, գործընկերոջը՝ Մանե Թանդիլյանն ասաց, որ Արթուր Վանեցյանը գործադիրում բարձր վարկանիշ ունեցողներից մեկն էր, և նման կանխատեսում ունենալու համար պետք էր հզոր ֆանտազիա ունենալ։

«Լուսավոր Հայաստանը» կմիանա՞ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը, որով նախատեսվում է գործընթաց սկսել և դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։ Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ դեռ իրենց խմբակցությանը նման առաջարկ չի եղել։

«Ոչ մի կերպ կաշկանդված չենք։ Ես և տիկին Թանդիլյանը դեմ ենք քվեարկել Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալուն՝ որպես «Ելք» դաշինքի պատգամավոր։ Հետևաբար՝ մեզ համար բարդություն չէ ևս մեկ անգամ դա կրկնել քվեարկությամբ, բայց կարևոր հարց կա՝ որքանո՞վ է գործընթացը սահմանադրական և ժողովրդավարական, եթե այն կհամապատասխանի նորմերին, որևէ խնդիր չեմ տեսնում»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։