Բացել լրահոսը Փակել լրահոսը
70314740_426713501282701_6869711546121977856_n
A A
Քաղաքականություն

Վանեցյանը չի համապատասխանել այն ակնկալիքներին, որն ունեցել է քաղաքական մեծամասնությունը․ պատգամավոր (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն ցանկանում հստակ մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը և նրա հրաժարականի տեսքտը, որում խոսվում էր սպայի արժանապատվության մասին։

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշեց, թե դրա վերաբերյալ արդեն խոսել է վարչապետի խոսնակը, և ինքը ավելացնելու բան չունի։

«Ինձ համար հստակ է, որ պարոն Վանեցյանը, ըստ էության, չի համապատասխանել այն ակնկալիքներին, որն ունեցել է քաղաքական մեծամասնությունը։ Հավելյալ մեկնաբանություն այս թեմայով չունեմ»,- ասաց նա։

Խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նույնպես չցանկացավ մեկնաբանել Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը՝ նկատելով, թե օրենսդիրի ներկայացուցիչը պետք է դրա մասին իմանա։

«100 բանով կարող է պայմանավորված լինել հրաժարականի տեքստը։ Կարող է և պայմանավորված լինել լարված հարաբերություններով, կարող է պայմանավորված լինել նրանով, որ պարոն Վանեցյանը գտնում է, որ իշխանությունը առաջնայինը երկրորդայինից տարբերելու ունակություն չունի, իշխանությունն էլ կարծում է, որ ունի, այսինքն՝ կարող է տարրական անհամաձայնություն լինի։ Այդ հարցով գուշակություն անելն անշնորհակալ գործ է։ Անկեղծ եմ ասում՝ չգիտեմ, թե ինչո՞ւ է այդպես գրել, ու հրաժարականի պատճառը որն է»,- ասաց խորհրդարանում մեծամասնություն կազմող խմբակցության պատգամավորը։

Հաջորդ հարցը խորհրդարանը ցրելուն էր վերաբերում։ Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետն իր մամուլի ասուլիսում չէր բացառել, որ նոր՝ արտահերթ ընտրություններ կլինեն, անդրադարձավ Սուրեն Գրիգորյանը։

Մասնավորապես՝ վարչապետն ասել էր՝ ամենայն հավանականությամբ չի լինի։ «Ինչո՞վ չեք գոհացրել վարչապետին»,- հարցրեց լրագրողը։

«Վարչապետը չի բացառել, որովհետև ապագայում ոչ մի բան բացառված չէ։ Ես ընդհանրապես դեմ եմ այն հռետորաբանությանը, երբ որ հարց է դրվում, թե վարչապետը դժգոհ է, կամ գոհ»,- հարցին ի պատասխան՝ ասաց Սուրեն Գրիգորյանը։

Սուրեն Գրիգորյանն, անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը, որով պետք է գործընթաց սկսեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն։

«Ինքնին չի կարող Ազգային ժողովի նման որոշում կայացնելը դիտվել որպես ճնշում, որովհետև այդ լիազորությունը ԱԺ-ին տրված է Սահմանադրությամբ։ Եթե անձինք պնդում են, որ Սահմանադրությամբ ԱԺ-ին տրված լիազորությունն իրականացնելը ինքնին կարող է որակվել որպես ճնշում դատական իշխանության վրա, ինձ մոտ լուրջ կասկածներ են առաջանում այդ անձանց իրավաբանական գիտելիքների վերաբերյալ»,- ասաց նա։

Այնուհետև պատգամավորը, դիմելով լրագրողներին, խնդրեց այնպիսի հարցեր չտալ, որոնք չեն վերաբերի այդ ֆորմատով նախատեսված հարցերին պատասխանելուն, այլ կվերաբերեն ԱԺ նիստերին քննարկվող հարցերին։ Սա լրագրողների մոտ դժգոհություն առաջացրեց։

Վերադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, հարց բարձրաձայնվեց այն մասին, թե Հրայր Թովմասյանը հիմա դատավո՞ր է, թե՞ ոչ, եթե դատավոր է, ապա ինչպես է ստացվում, որ նա որոշ ժամանակ առաջ դատավոր չէր (ինչի մասին հայտարարություն էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը) , իսկ եթե դատավոր չէ, ապա ինչպե՞ս եՆ դիմում, որպեսզի ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցվեն։

«Դատավոր է, թե դատավոր չէ, պարզ է, որ Հրայր Թովմասյանի կողմից չի ընդունվում այն փաստը, որը ինքը չի հանդիսանում ՍԴ դատավոր։ Զերծ եմ մնում կարծիք հայտնելուց՝ դատավոր-անդամ տերմինների հարաբերակցության տեսանկյունից։ Ինքը, մասնակցելով գործի քննությանը և որոշում կայացնելով, գործել է՝ ըստ իրեն՝ որպես դատավոր։ Երբ որ նախաձեռնությունը շրջանառության մեջ դրվի, հարցի պատասխանին անդրադարձ կլինի»,- ասաց նա։