Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գևորգ Պետրոսյան
A A
Քաղաքականություն

Այս պահին ՍԴ-ում այնպիսի իրավիճակ չէ, որ անկառավարելի լինի․ Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովում մեկնարկել են ճեպազրույցները։ Խմբակցություններն ամփոփում են 7-րդ գումարման ԱԺ-ի երրորդ նստաշրջանի առաջին քառօրյաի աշխատանքները։

Արթուր Վանեցյանի հրաժարականը ԱԱԾ-ը պետի պաշտոնից կարո՞ղ է լինել իշխանության ներքաղաքական հակասության օրինակ։ Այս հարցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը դժվարանում է գնահատական տալ՝ պատճառաբանելով, թե դա ներիշխանական պրոցես է։

Պատգամավոր Իվետա Տոնոյանը ընդգծում է, որ երեկ նրա հրաժարականից հետո ակնարկներ են հնչել, բայց քաղաքական դատողություն այսօր իրենց խմբակցությունը չի կարող անել։

«Մինչև երեկ ԱԱԾ տնօրենն, ով հակահեղափոխական ժամանակաշրջանի ամենաազդեցիկ դեմքերից էր համարվում, և նրան գովեստի խոսքեր էին ձոնվում, երեկվանից դարձել է քննադատության թիրախ։ Կարծում եմ, այս գործընթացի վրա առաջիկայում լույս կսփռվի, և պարոն Վանեցյանն առիթ կունենա ասելու, թե ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում, և պատկան մարմիններից հնարավորություն կունենանք մեկնաբանություն ստանալ։ Հիմա գնդակը իշխանության դաշտում և նրանք պետք է լույս սփռեն այս գործընթացի վրա»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի շտապում ասել, թե մաս կկազմի՞ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը, ըստ որի՝ գործընթաց կսկսեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

«Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չի, բայց դա չի խանգարելու ճշմարտությունն ասելու։ ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքով սպառիչ թվարկած են այն հիմքերը, որոնք բավարար են, որպեսզի ՍԴ-ն որոշում կայացնի իր անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Նրանք, ովքեր հանդես են եկել նախաձեռնությամբ, պարտավոր են օրենքով նախատեսված կարգով պատգամավորների թվի երեք հինգերորդով ներկայացնել այդ նախաձեռնությունը։ Թե ինչպիսի որոշում կկայացնի ՍԴ-ն, մենք իրավունք չունենք կանխակալ մոտեցում կարծիք հայտնել։ Ավելի շատ այսպիսի կարծիքները կարող եմ գնահատել որպես դատարանի նկատմամբ ճնշում, թողնենք թող դատարանը որոշի, որովհետև այնտեղ սպառիչ թվարկած են՝ որ դեպքերում»,- պարզաբանեց ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ այս պահին ՍԴ-ում այնպիսի իրավիճակ չէ, որ անկառավարելի լինի, մարմինը գործում է։

«Այլ է խնդիրը, որ կան առանձին անձինք, որոնք չեն ներկայանում նիստերին, բայց այլ կերպ են իրենց գոյության մասին հիշեցնել տալիս»,- մանրամասնեց նա։