Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Քաղաքականություն

Փաշինյանն անդրադարձավ «Մարտի 1»-ին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Մարտի 1»-ի գործին՝ ևս մեկ անգամ նշելով, որ այն բացահայտված է։

«Բացահայտված է, որ մեր բանակը, մեր զինվորներին բերել են, կանգնեցրել են մեր պատուհանների տակ և հրամայել են կրակել մեր տների վրա և հիմա փորձում են խուսափել դրա պատասխանատվությունից»,- ընդգծեց նա։

Վարչապետը նշեց, որ ոչ բոլոր հանգամանքներն են պարզված մինչև վերջ, նաև այն պատճառով, որ Քննչական խմբի ղեկավարը փոխել է կրակված փամփուշտները՝ այլ տեղ կրակված փամփուշտներով։ Նա նաև հավելեց, որ զինվորներին գումարներ են տրվել օլիգարխներից կամ տարբեր տեղերից՝ նրանց դարձնելով վարձկան։

«Դա արել են ժողովրդին ճնշելու, ժողովրդից խլված իշխանությունը պահելու և սահմանադրական կարգը տապալելու համար»,- շեշտեց Փաշինյանը։

Խոսելով «Մարտի 1»-ի 10 զոհի մահվան հանգամանքների մասին՝ գործադիր իշխանության ղեկավարն ասաց, որ մի տարի է՝ քննություն է ընթանում, և հույս ունի բոլոր սպանությունների բացահայտման կապակցությամբ։  

2008 թվականից հետո 10 տարին, շարունակում է նա, չի օգտագործվել սպանությունները բացահայտելու համար։

Անդրադառնալով այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցությանը՝ նա ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ օրակարգում կա այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության դիտարկման հարց և որ այդ կապակցությամբ պետք է մշակել մոտեցում։