Բացել լրահոսը Փակել լրահոսը
31.thumb
A A
Քաղաքականություն

Միքայել Մինասյանը Հայաստանի շատ օբյեկտների սեփականատեր է եղել․ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ, որն ընթանում է Վանաձորում, լրագրողը հարց հնչեցրեց Սերժ Սարգսյանի կոռումպացվածության մասին խոսակցությունների և հնարավոր ձերբակալության մասին։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի եղբայրները, եղբորորդիներն անցնում են քրեական գործերով, մի մասն էլ հետախուզման մեջ է։

Անդրադառնալով Ս․ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարությանը՝ կապված Սերժ Սարգսյանի ձերբակալության հետ, վարչապետն ասաց․

«Միքայել Մինասյանը ստացել է ինֆորմացիա, որ որոշ քրեական գործերով արդեն քննությունը հասել է իրեն, և շատ հնարավոր է, որ ինքը որպես մեղադրյալ կանցնի Հայաստանի ստրատեգիական օբյեկտների սեփականաշնորհման գործում»։

Գործադիրի ղեկավարը ենթադրում է, որ Մինասյանը մտածել է, որ ինքն էլ ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ, որից հետ վերջինս կձերբակալվի։

«Եվ որոշել են նախապես հայտարարել, որ ինքը և Սերժ Սարգսյանը քաղաքական հալածյալ են»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց Միքայել Մինասյանին վերադառնալ և պատասխանել Հատուկ քննչական ծառայության հարցերին։ գործադիր մարմնի ղեկավարը ևս մեկ անգամ ասաց, որ վենդետաներ չեն լինելու, և ամենը լինելու է իրավական դաշտում։

Վերադառնալով կարևոր օբյեկտների սեփականաշնորհման հարցին՝ Փաշինյանն ասաց․ «Միքայել Մինասյանը Հայաստանի շատ օբյեկտների սեփականատեր է եղել և մինչև օրս շարունակում է մնալ»։