Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին (տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում քիչ առաջ արտահերթ ելույթ ունեցավ՝ կապված Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

ԱԺ նախագահն ընդգծեց, որ չի կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության շրջանում տեղ գտած մտահոգությունները։

«Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս և ՍԴ Ո 14․76 որոշումը կայացնելիս ՍԴ-ն պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և կամ առանց հիմնավոր պատճառաբանության՝ մերժել է դեպի դիմողն ունեցած առևերույթ կողմնակալության հիմքով ՍԴ 3 անդամի գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանից իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը»։

Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ այդ որոշման առնչությամբ հատուկ կարծիքներից մեկում զեկուցողի կողմից մատնանշվել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում և ըստ էության՝ արձանագրել է, որ որոշումը կարող էր այլ լինել, եթե չլիներ այդպիսի շտապողականություն։

«Նույն կարծիքում, արձանագրելով գործի հիմքում ընկած խնդրի բարդությունն և հանրային հնչեղությունը, համազեկուցողն անուղղակիորեն բարձրացրել է ՍԴ մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով այն բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտությունը, ինչը սակայն տեղի չի ունեցել:

Ընդ որում, այս ճանապարհով, ես զերծ եմ մնում անփութության կամ դիտավորության վերաբերյալ գնահատականներից, այս ճանապարհով կայացված որոշումն ուղղակիորեն առնչվում է այլ դատական ատյանում քննվող մի գործի, որի շրջանակներում մեղադրանքը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության եւ սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություններին եւ դրանով իսկ պատմական ու քաղաքական կարեւորություն ունի Հայաստանի համար»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։

ԱԺ նախագահն անդրադարձավ նաև Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ ուղղված ՍԴ դիմումներն։

«Առ այսօր չեն փարատվել կասկածներն այն մասին, թե ինչ ընթացակարգով է ՍԴ-ն դիմումներ ներկայացրել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով՝ հաշվի առնելով այն կարեւոր հանգամանքը, որ հուլիսի 18-ի ՍԴ ԱՈ-81 եւ ՍԴ ԱՈ-82 աշխատակարգային որոշումներով ՍԴ-ն արդեն իսկ կասեցրել էր տվյալ գործերի քննությունը: ՍԴ-ն մարտիմեկյան դատավարությունից բխող դիմումների քննության այդ գործերով պատասխանող ճանաչված ՀՀ ԱԺ-ին առայսօր չի տրամադրել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով ուղղված իր դիմումների հայերեն տեքստը: Ի պատասխան ԱԺ աշխատակազմի կողմից ՍԴ աշխատակազմին ուղղված գրության՝ ստացվել է ֆորմալ գրություն, որ սույն գործով պատասխանող կողմն ԱԺ աշխատակազմը չէ, եւ դիմումի հայերեն տարբերակը ԱԺ-ին տրամադրվել չի կարող»:

ԱԺ նախագահը նաև անդրադարձավ ՍԴ-ի ինքնավարությանն եւ քաղաքական ազդեցությանը։

«2018 թվականի ապրիլին ուժի մեջ մեջ մտած իրավական կարգավորումներով, ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել, մինչդեռ այդ կարգավորումների ուժի մեջ մտնելուց օրեր առաջ՝ 2018-ի մարտի 23-ին, ՍԴ անդամ, իսկ մինչ այդ պաշտնում ընտրվելը ՀՀԿ անդամ, ԱԺ քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաեւ այդ փաստի բերումով այս պաշտոնում Հրայր Թովմասյանի մինչեւ 2035 թվականը նախատեսվող պաշտոնավարումը, ըստ էության, ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու հնարավորությունից զրկել է: Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական ուժի կողմից կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցչին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելուն, ինչպես նաեւ ոտնձգություն ՍԴ ինքնավարության դեմ»։

Արարատ Միրզոյանը, դիմելով գործընկերներին, կարծիք հայտնեց, որ ԱԺ-ն, որպես Հայաստանի ժողովրդի օրինական եւ լեգիտիմ ներկայացուցիչ եւ առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր դիրքորոշումը պետք է արտահայտի նկարագրված խնդիրների եւ իրավիճակի կապակցությամբ։