ԼՀԿ-ն օրինագիծ է մշակել․ առաջարկում են իշխանությանն ազատվել կաշկանդվածությունից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում։ Նախագծի հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանը հիշեցնում է, որ խմբակցությունը նախկինում առաջարկել էր, որպեսզի Ազգային անվտանգության ծառայությունը և Ոտիկանությունը պետք է մտնեն Կառավարության կազմի մեջ, քանի որ դրանք քաղաքական մարմիններ էին։
ԼՀԿ-ի առաջարկը չէր ընդունվել, և հիմա նրանց ներկայացրած նախագիծը այդ նույն տրամաբանության մեջ է։
«Առաջարկում ենք, որ այդ երկու քաղաքական մարմինների ղեկավարները նշանակվեն՝ հաշվի առնելով այն ցենզերը, որոնք դրված են պատգամավորների առջև»,- ընդգծեց Տարոն Սիմոնյանը։
Ըստ ընդդիմադիր խմբակցության պատգամավորի՝ փոփոխությունների անհրաժեշտությունը նրանում է, որ հետհեղափոխական հասարակություններում, երբ քաղաքական միջավայրը փոփոխվում է, նոր ձևավորված քաղաքական իշխանությունը հնարավորություն չի ունենում իր վստահությունը վայելող անձանց նշանակել այդ կարևորագույն պաշտոններում և առաջանում է հետևյալը։
«Նոր քաղաքական իշխանությունը ստիպված է լինում ղեկավար անձանց նշանակել արդեն իսկ ձևավորված ներքին համակարգ ունեցող պաշտոնատար անձանցից՝ ընտրելով այն անձին, որը քիչ թե շատ համապատասխանում է իր չափանիշներին։ Մենք առաջարկում ենք քաղաքական իշխանությանը ազատվել այս կաշկանդվածությունից»,- ընդգծեց պատգամավորը։