Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untiitled
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Աշխատանքներ են գնում ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրելու նախկին առաջին դեմքերին․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)

«Իմ կարծիքով Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգը տապալել է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով երեկ մեկնարկած՝ Մարտի 1-ի գործով դատավարությանը։

Պատգամավորը հույս հայտնեց, որ քննության ընթացքում կբացահայտվեն նաև 10 զոհերին սպանողները։ «Ներքին համոզմունք ունեմ, որ սպանողները բացահայտվելու են, Գլխավոր հարցը դա է։ Եվ ընդհանրապես բոլոր մեղավորները բացահայտվելու են և ենթարկվելու են պատասխանատվության»,- նշեց նա։

Արմեն Խաչատրյանն անդրադարձավ նաև 2016թ․ ապրիլյան պատերազմին և այդ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին։ Մինչև հիմա հանձնաժողովը դեռ չի հրավիրել Սերժ Սարգսյանին ու Սեյրան Օհանյանին, ինչպես նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին։ Կհրավիրեն նաև ներկայումս վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանին, ով ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն էր։

Արմեն Խաչատրյանը, սակայն հավելեց, թե աշխատանքներ են գնում ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրելու նաև նախկին առաջին դեմքերին։ «Նախկին այդ պաշտոնյաներին դեռ չենք հրավիրել, քանի որ ում պետք է հրավիրենք, առայժմ հարցադրումներ պետք է անենք։ Որևէ պաշտոնյայի հրավիրելուց առաջ մշակում ենք համապատասխան հարցաշար, հասկանում ենք պատերազմի օրերին նրա դերակատարությունը, հարցաշարի մշակման ժամանակ տեղեկություններ ենք հրավիրում այդ ժամանակ իր դերակատարման վերաբերյալ։ Ժամանակը կգա, բոլորին էլ կհրավիրենք»,- հավելեց պատգամավորը։

Բայց պատգամավորի ներկայացմամբ՝ հանձնաժողովի գործունեության այս ամիսների ընթացքում զրուցել են ներկա ու նախկին շատ պաշտոնյաների հետ։ Իսկ ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովում առկա նյութերին, ապա աշխատանքի ավարտին դրանց թույլատրելի մասը կներկայացվի հանրությանը, իսկ պետական, ռազմական գաղտնիք պարունակող նյութերն ընդհանրապես չեն հրապարակվի։ «Հանձնաժողովի նպատակն այն է, որ հասկանանք, թե ինչ է եղել, և ինչպես հետագայում կանխենք նման դեպքերը։ Սա ուղղված է մեր երկրի պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Սա բացառիկ հանձնաժողով է՝ բացառիկ լիազորություններով»,- եզրափակեց Արմեն Խաչատրյանը։

 

Մանրամասները՝  տեսանյութում