Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131847
A A
Քաղաքականություն

Մի երկրում, որտեղ վարչապետի և ԱԱԾ տնօրենի խոսակցությունը գաղտնալսում են, Ձեր ասածը փիլիսոփայական է հնչում․ Փաշինյանը՝ փոխվարչապետին

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց և հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց քաղաքական որոշումը հստակ է՝ իրենք կոռուպցիայի դեմ կիսապայքար չեն տանելու։ Կառավարությունը քննարկում է կոռուպցիայի դեմ պայքարի իրավական թույլատրելի մեխանիզմների շրջանակը լայնացնելու հարցը։

Վարչապետի խոսքով՝ այս պահին ամենակարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Սրա անհրաժեշտությունը ծագել էր դեռ ամիսներ առաջ, երբ, ըստ Փաշինյանի, իրենք գիտեին, որ կոռուպցիոն դեպք պիտի տեղի ունենա։

«Մենք իմացել ենք, որ հենց հիմա այդ բանը տեղի է ունենում, բայց օրենսդրությամբ այնպիսի սահմանափակումներ է եղել, որ կամ մենք պիտի շատ կոպիտ ապօրինի միջամտություններ անեինք, որի իրավական բացատրությունը հետո շատ դժվար կլիներ, կամ պիտի լուռ հետևեինք՝ ոնց են թալանածը տանում»,- ասաց Փաշինյանը։

Մեխանիզմների ավելացման ցանկում կառավարությունը քննարկում է նաև կոռուպցիայի մեջ մեղադրվող անձի հեռախոսազանգերի գաղտնալսումը և բանկային գործարքների մասին տեղեկություն ստանալը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մտավախություն ունի, ասում է՝ պետք է զգույշ լինել, որ կասկածյալի մասին բանկային որևէ գաղտնիք և տեղեկություն իմանալը, որը առընչվի մեկ այլ անձի հետ գործարքին, չդառնա այդ անձի մասին բաց տեղեկություն։ Նա նմանատիպ մտավախություն ունի նաև գաղտնալսումների առումով։

«Եթե ինձ չեք ուզում գաղտնալսել, այլ մեկ այլ մարդու կամ իրավական գործընթացն այնպիսին է, որ ինձ չեք կարող գաղտնալսել, ապա ինձ թող մեկը պատասխանի՝ ինչ իրավունք ունեն ինձ գաղտնալսելու։ Գաղտնալսումը պետք է շատ բարդ իրավական գործընթաց լինի։ Եվ եթե լսում են, որ ես ինչ-որ մեկի հետ որևէ բան եմ խոսում, ու մյուս կողմը դառնում է հետաքրքիր, պետք է գնան դատարաններով, գործընթաց անցնեն, ոչ թե միանգամից դա օգտագործեն որպես ապացույց։ Ընդ որում, չեն էլ կարող։ Այս բոլոր գործերը կգնան Եվրադատարան, ու կպարտվենք»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

«Մի երկրում, որտեղ վարչապետի և ԱԱԾ տնօրենի խոսակցությունը գաղտնալսում են, Ձեր ասածը  շատ փիլիսոփայական է հնչում, պարոն Գրիգորյան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։