Բացել լրահոսը Փակել լրահոսը
նաիրա
A A
Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստանը» «դեմ ըլլալով» կողմ քվեարկեց

Ազգային ժողովը մինչ կքննարկի օրակարգի հարցերը, քվեարկության դրեցին երեկ խորհրդարանում քննարկված օրինագծերը։

Կառավարության կողմից ներկայացրած «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին ՀՀ օրենքի նախագիծը քվեարկության դնելուց առաջ վարման կարգով ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը համապատասխան հանձնաժողովում դեմ է քվեարկել օրինագծին և ըստ իրեն՝ ճիշտ են արել, որովհետև օրենքի նախագիծը թերի է։ Այնուամենայնիվ խմբակցությունում այն քննարկվել է և որոշվել հետևյալը՝

«Հասկանալով, որ այն կարող է տարատեսակ շահարկումների առիթ տալ, և մեզ համար արդեն ենթադրելի են այդ հնարավոր շահարկումները, որոնք կարող են լինել, «Բարգավաճ Հայաստանը» կողմ է քվեարկում՝ ընդամենը, Երևանում բիզնես ունեցող անձինք, ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ այս օրենքի հնարավոր բացասական հետևանքների համար քաղաքական պատասխանատվություն է կրելու քաղաքական մեծամասնությունը»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վարման կարգով նույնպես ելույթ ունեցավ։ Նա ընդգծեց՝ քանի որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թ․, առաջարկեց դեմ քվեարկել օրենքի նախագծին՝ պատճառաբանելով․ «Հնարավորություն տալով Սահմանադրության հետ հակասությունները ճշտել և հանգիստ ռեժիմով, մինչև մայիս ամիսը ունենք ժամանակ՝ քննարկենք օրենքը և չունենանք այն իրավիճակը, որ ստիպված լինենք դիմել ՍԴ դատարան»։

Վարման կարգով ելույթ ունեցավ նաև Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Ըստ նրա՝ մինչև երկրորդ ընթերցումը ժամանակ կա, և Սահմանադրության հետ կապված հարցը կարող են քննարկել։

«Ձեր նախագծերը, երբ որ քննարկվում են հանձնաժողովում, ու մենք ձեզ առաջարկում ենք ձեռնպահ մնալ որոշ խնդիրներից, դուք առաջարկում եք նույն բանը՝ եկեք առաջին ընթերցմամբ ընդունենք, հետո կորոշենք»,- դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը՝ ասաց նա։

Բաբկեն Թունյանը շեշտեց՝ օրենքը լավն է, և մտահոգվելու բան չկա, օրենքի հետ առնչվողները լինելու են միայն անշարժ գույքի խոշոր սեփականատերերը։ Նա առաջարկեց գործընկերներին կողմ քվեարկել օրինագծին։

ԱԺ նախագահը օրինագիծը դրեց քվեարկության, և այն ընդունվեց ձայների 92 կողմ, 15 դեմ, 2 ձեռնպահ հաշվարկով։