Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Մեջլումյանին  սպառնացողը Ստեփան Սաֆարյանի վրա հարձակվո՞ղն է 

Քաղաքականություն
zaruhi mejlumyan

Փաստաբան Զարուհի Մեջլումյանն այսօր  հրավիրվել է  Երեւանի ոստիկանության  Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունք եւ բացատրություններ տվել՝ իր հաղորդման հետ կապված։ Այս մասին նա հայտնեց «Ա1+»-ին։

Սեպտեմբերի 2-ին նա դիմել էր ոստիկանություն և հաղորդում  ներկայացրել հանցագործության մասին, քանի որ նախորդ  գիշերը սոցցանցի միջոցով ստացել էր բռնաբարության և սպանության սպառնալիքներ։

Ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ  սեպտեմբերի 1-ի  իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Արցախի Հանրապետության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությանը եւ գրառում արել։

«Ա1+»-ի հետ զրույցում նա նշում է, որ արդեն երկրորդ անգամ  է, որ ինքը ենթարկվում է  նման «վերբալ» բռնության և սպառնալիքների։ Սակայն հունվարին ներկայացված հայցի վերաբերյալ քրեական հետապնդում չի իրականացվել։

«Այս պարագայում  սպառնալիքների իրական և առկա լինելու փաստը կրկնակի դարձավ, երբ սեպտեմբերի 6-ի երեկոյան  Ստեփան Սաֆարյանի վրա շքամուտքի մոտ երկու անձինք հարձակվեցին։Այս հանգամանքը առկա սպառնալիքները դարձրեց ավելի քան իրական, քանի որ ինձ ուղղված առաջին սպառնալիքը վերաբերում էր երկուսիս, որովհետև այնտեղ գրված էր իմ և Ստեփանի անունը, քանի որ Ստեփան Սաֆարյանը  իր գրառումներում նմանատիպ կարծիքներ էր հայտնել հայտնի հարցազրույցի հետ կապված։ Այսինքն՝ սա ամենևին էլ կողոպուտ չէր, այլ սպառնալիքների իրական արտահայտման ձև՝ մեր արտահայտած կարծիքների համար»,- ասաց նա։

Զարուհի Մեջլումյանը կարծում է, որ Ստեփան Սաֆարյանի հետ տեղի ունեցած դեպքից հետո հնարավոր է նույնատիպ հարձակում  լինի նաև իր նկատմամբ, քանի որ սպառնալիքները ուղղված են եղել իրենց երկուսին։

Նա նաեւ  ընդգծեց, որ ամիսներ առաջ պատգամավոր լրագրող Գայանե Աբրահամյանի նկատմամբ նույնպես հնչեցվել է սպառնալիք, որի համար քրեական գործ է հարուցվել, իսկ իր դեպքում՝ քրեական գործ չի հարուցվել, ինչը, իր կարծիքով,  թերեւս պայմանավորված է Գայանե Աբրահամյանի պատգամավոր լինելու փաստով. «Ես պնդում եմ, եթե Գայանե Աբրահամյանը չլիներ պատգամավոր, քրեական գործ չէր էլ հարուցվի»։