Սեպտեմբերի 12-ին ժողովուրդը կիմանա, թե ինչ հրեշավոր մեղսագործություն է կատարվել․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հայաստանի հանրության բոլոր ակտիվ մարդկանց հորդորում է սեպտեմբերի 12-ին գնալ դատարան։ «Սեպտեմբերի 12-ը շատ կարևոր օր եմ համարում, որովհետև այդ օրը կսկսվի Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, որտեղ կներկայացվի ամբողջ մեղադրականը և ժողովուրդը կիմանա, թե ինչ հրեշավոր մեղսագործություն է կատարվել։ Նոր կարդացի, որ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը հայտարարել է, որ այդ օրը գնում է մասնակցելու այդ դատավարությանը հանուն արդարադատության հաստատմանը և հասարակությանը կոչ են արել գնալ այնտեղ։ Կարծում եմ, դա շատ կարևոր նախաձեռնություն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։
ՀԱԿ փոխնախագահի ներկայացմամբ Ռոբերտ Քոչարյանն այդ օրը պետք է հասկանա, որ իրականում ինքը ժողովրդի հետ գործ ունի, որ ժողովուրդը չի ներում, որ ինքը կրակել է նրա վրա, որ ժողովուրդն է արդարադատություն պահանջում։ Դրա համար իրենք միանում են այդ նախաձեռնությանը և մեր հանրության բոլոր ակտիվ մարդկանց հորդորում միանալ այդ կազմակերպությանը։ «Կարծում եմ, ամբողջ հասարակությունն այդ օրը ցույց պետք է տա, թե ինչ է սպասում՝ որպես արդարադատություն»,- հավելեց նա։
Լ․Զուրաբյանը նաև անդրադարձավ Ռ․Քոչարյանին ազատ արձակելու համար ՀՀ իշխանությունների վրա ՌԴ-ի կամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ճնշումների մասին կարծիքներին։ Խոսակցություններ կան, որ հոկտեմբերին Երևան կժամանի նաև ՌԴ նախագահը մասնակցելու ԵՏՄ վեհաժողովին, և որ նա ցանկանում է հանդիպել Ռ․Քոչարյանին։ Եվ դրա համար ՀՀ իշխանությունների առաջ նախկին նախագահին ազատ արձակելու պահանջ է դրել։ «Ես ռեալ պոլիտիկի կողմնակից եմ․ ճկուն քաղաքականություն պետք է վարել՝ հաշվի առնելով նաև գերտերությունների շահերը, բայց սա այդ դեպքը չէ։ Բայց սա որևէ կերպ կապ չունի ՌԴ պետական շահերի հետ, սա կապ ունի ՀՀ շահերի հետ։ Այստեղ մենք ենք որոշում, մեր ժողովուրդն է որոշում, թե ինչպիսի երկիր ենք ունենալու, ինչպիսի արդարադատություն ենք ունենալու։ Եվ ոչ ոք չպետք է անպատիժ մնա մարդկանց վրա կրակելուց, զանգվածաբար մարդկանց իրավունքները խախտելուց և բազմաթիվ այլ հանցագործություններ կատարելուց հետո»,- ասաց Լ․Զուրաբյանը։
Այնուամենայնիվ ՌԴ-ից Քորչարյանի հարցում ճնշում կա՞ ՀՀ իշխանությունների վրա։ «Կարելի է գուշակել, որ կա, քանի որ ռուսական լրատվամիջոցները բավականին համակրանքով են խոսում նրա մասին, կա աջակցության ինչ որ դրսևորումներ, բայց դա այն դեպքը չէ, որ լեգիտիմ պահանջ համարվի»,- եզրափակեց նա։
Լ․Զուրաբյանը խոսեց նաև Արդարադատության նախարարության ներկայացրած՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարությունից, որտեղ նշված է, թե անցումային արդարադատության շրջանակներում պետք է անդրադարձ կատարվի նաև 1991թ․ հետո ընտրական գործընթացներում կատարված խախտումներին ու հետապնդումներին։
Մանրամասները դիտեք տեսանյութում։