Բացել լրահոսը Փակել լրահոսը
69739563_389144645082847_8182594838470852608_n
A A
Քաղաքականություն

Նոր օրենքի նախագիծը պատասխան է Ռուսաստանի՞ն․ փոխոստիկանապետի արձագանքը (տեսանյութ)

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքում և հարակից մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Ըստ այդմ` ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում տրանսպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն կարող են իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։

«Այսինքն, եթե Ռուսաստանի Դաշնությունում մեր կողմից տրված վարորդական իրավունքի վկայականները ճանաչվեցին, և դրանցով հնարավորություն տրվեց, օրինակ, տաքսի վարել, մենք նույն փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք ՌԴ քաղաքացիներին»,-ասաց պարոն  Քոչարյանը։

Նշենք, որ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով արգելվում է տաքսի վարել։

Ըստ փոխոստիկանապետի՝ եթե այս օրենքի նախագիծն ընդունվի, և Ռուսաստանի քաղաքացին գա  Հայաստան և ցանկանա տաքսի վարել, դա նրան չի թույլատրվի։

 Դիտարկմանը, թե սա պատասխա՞ն է Ռուսաստանին, Հովհաննես Քոչարյանը շեշտեց․

«Դա պատասխան չի նրանց արարքին։ Սա նույն կարգավորման նախատեսումն է՝ մեր օրենսդրության մեջ միասնականացում ապահովելու համար»։

 Հովհաննես Քոչարյանը նշեց, թե իրենք փորձել են այդ հարցը կարգավորել։ Ավելին, ըստ նրա՝ կամք կա, որ այդ  նախագծում ՌԴ-ում փոփոխություններ արվեն, բայց ըստ իր տեղեկության՝ «մինչև հիմա այդ նախագիծը դեռ վերջնական ընթերցում չի ունեցել»։

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է դա ռուսերենը պետական լեզու չդարձնելու հետ է կապված, Հովհաննես Քոչարյանն արձագանքեց․

«Ասում էին, որ պետական լեզուն պետք է ռուսերեն լինի, որ հնարավորություն տրվի այդ հնարավորությունից օգտվելու, բայց հետո ասվեց, որ փոփոխություններ կարվեն, և կհամապատասխանեցվի ԵԱՏՄ օրենսդրությանը։ Հիմա, եթե կհամապատասխանեցվի ԵԱՏՄ օրենսդրությանը, մենք էլ կանենք նույն բանը»,-շեշտեց  փոխոստիկանապետը։