Բացել լրահոսը Փակել լրահոսը
edgar-araqelyan
A A
Քաղաքականություն

Դժբախտ սրտով եմ այդ առաքելությանը գնացել․ Էդգար Առաքելյան (տեսանյութ)

Պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն այսօր Ազգային ժողովում մասնակցում է նիստին։

«Առաքելության մարդիկ գնում են վառվռուն աչքերով, կոնֆորտ զգալով, դժբախտ սրտով առաքելության չեն գնում։ Իսկ ես ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ տևական ժամանակ դժբախտ սրտով եմ այդ առաքելությանը գնում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդգար Առաքելյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ վայր դրեց մանդատը։

Գործընկեր պատգամավորի՝ Վարազդատ Կարապետյանի դիտարկումը, թե ինքը դիմում է փախուստի, Էդգար Առաքելյանն ընդունում է։

«Մեծ հաշվով սա փախուստ է»,- ասում է նա։

Ինչո՞ւ որոշեց պատգամավորական մանդատից հրաժարվել, Էդգար Առաքելյանը հստակ պատասխան չի տալիս։ Հակասություն չունի խմբակցության մյուս անդամների հետ։ Նա հույս ունի, որ հետագայում մեկ այլ պատգամավոր չի հեռանա խմբակցությունից։

«Հուսով եմ, որ հետո ուրիշը չի հեռանա, որովհետև ես իմ հեռացումը շատ ծանր եմ տանում։ Երբ կողքից եմ նայում, ես համարում եմ, որ չպետք է հեռանայի, բայց չեմ կարող կողքից նայել և իմ հայացքով նայելով, կարծում եմ, որ ավելի շատ բան ունեմ անելու IT ոլորտում, որովհետև այնտեղ ինչ անեմ, անելու եմ վառվռուն աչքերով և երջանիկ սրտով»,- ասաց նա։

Լուրերը, թե նա մանդատը վայր է դնում այն պատճառով, որ դեմ է Ամուսլարի հանքի շահագործմանը, հերքում է։ Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ է և վստահ է, որ Ամուլսարը մնալու է սար։ Ավելին, նա առաջարկել էր իր գործընկերներին, որոնք դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը, վարչապետին բաց նամակ գրել և իրենց տեսակետը ներկայացնել, և վաղ փուլում կանխեն Ամուլսարի հանքի շահագործումը։

Նրա խոսքով՝ իր այդ առաջարկը մերժվել է։