Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ոչ թե հանքի շահագործման մասին է խոսքը, այլ շինարարական աշխատանքների․ Լիլիթ Մակունց (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցությունը համամիտ է վարչապետի այն հայտարարությանը, թե պետք է գործել որպես իրավական պետություն և միևնույն ժամանակ հաշվի առնել բնակիչների և բնապահպանների կարծիքները։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Այս փուլում ոչ թե հանքի շահագործման մասին է խոսքը, այլ շինարարական աշխատանքների։ Եթե նկատվի որևէ խախտում իրենց նշած չափանիշներից, ապա տեսչական մարմինը կիրականացնի բոլոր անհրաժեշտ գործողությունները, ընդհուպ՝ եթե 90 օր ժամեկտում չվերացվեն խնդիրները, ապա կդադարեցվեն գործողությունները։ Այս դիրքորոշման հետ խմբակցությունը համաձայն է»,- ասաց Լիլիթ Մակունցը։

Հարցին, թե արդյոք նույնիսկ այն պատգամավորնե՞րն են համաձայն, որոնք դեմ էին արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործմանը, խմբակցության ղեկավարը նկատեց, որ «Իմ քայլ»-ի և վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել են նույն հարցերը, և առարկություն չի եղել։

Լիլիթ Մակունցը չի շտապում մեկնաբանություն անել այն հարցի շուրջ, թե՝ եթե վարչապետի կոչից հետո ջերմուկցիները չապաշրջափակեն Ամուլսար տանող ճանապարհը, ուժի կիրառման հավանականություն կա՞, թե ոչ։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը առաջարկում է սպասել և տեսնել, թե ինչ տեղի կունենա։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությունը՝ եթե ֆորսմաժոր չլինի, ապա 2020թ․կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է լինեն, Լիլիթ Մակունցը չի մեկնաբանում։

«Ես չեմ կարողանում հասկանալ, թե որն է տրամաբանական կապը՝ որպես իրավական պետություն գործելու, միաժամանակ հաշվի առնելով բնակչության և բնապահպանական խնդիրները, այս սկզբունքով առաջ շարժվելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ միաժամանակ քննարկելու հարցը»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը։