Բացել լրահոսը Փակել լրահոսը
70389611_669556943564850_2402111784870739968_n
A A
Քաղաքականություն

Արման Բաբաջանյանի որոշումը սպասելի է եղել «Լուսավոր Հայաստան»-ի համար (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը դեռ չի հասցրել դիտել՝ կապված Ամուլսարի հանքի շահագործման հետ, սակայն վարչապետի ուղիղ եթերում հնչած զարգացումները իր համար կանխատեսելի էին։

«Մեր տպավորությամբ՝ նման պրոցես պետք է լիներ, մի բանում սխալվեցի, որ կարծում էի՝ նոր ՇՄԱԳ լիներ, բայց հետո մասնագետների լսեցի և հասկացա, որ նոր ՇՄԱԳ անցկացնելու համար պետք է հինն անվավեր ճանաչվի։ Եթե այդպես լինի, «Լիդիանը» կմտնի վարչական դատարան և գուցե ամիսներ շարունակ այդ գործը ձգձգվի»,- նկատեց պարոն Մարուքյանը։

Վարչապետի կոչը, թե ջերմուկցիները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները, ըստ Մարուքյանի, պետք է հիմնավորված լինի փաստարկով։

Անդրադառնալով Արման Բաբաջանյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալուն՝ Էդմոն Մարուքյանը հարկ համարեց կրկնել, որ ակնկնալում են, որ նա մանդատը հետ կվերադարձնի՝ պատճառաբանելով հետևյալը։

«Ցանկացած ուժ մասնակցում է ընտրություններին և հավաքում ձայներ իր ծրագրի և արած քարոզարշավի արդյունքում։ Մեր ծրագիրը իրականացնելու համար 18 մանդատ ենք ստացել, երբ որ մեկ մանդատ նվազում է, այդ մանդատը ծրագրի գեներացված մանդատն է։ Արման Բաբաջանյանն այս խորհրդարանում ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը»։

Ինչո՞ւ է Արման Բաբաջանյանը դուրս գալիս խմբակցությունից․ Էդմոն Մարուքյանը հստակ պատասխան չի տալիս, բայց դա անսպասելի որոշում չէր խմբակցության համար։

«Սպասելի է եղել, որ պետք է գործունեության որոշակի փոփոխություն լինի՝ կապված վերջին շրջանում նրա տարբերվող գործունեության հետ։ Մենք նոր նստաշրջան ենք սկսում, և շատ կարևոր է, որ խմբակցությունը ցանկացած հարցում միասնական լինի»։

Էդմոն Մարուքյանը հավելում է՝ սա քաղաքական հարց է, պետք չէ Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալու մեջ անձնական պատճառներ փնտրել։