Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Հասարակություն

Չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Իմ արձանագրումը շարունակում է մնալ այն, որ առնվազն  այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում, բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նման եզրահանգման է եկել «Լիդիան» ընկերության հետ ունեցած հանդիպումից հետո, որի ընթացքում ընկերության ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանին հավաստիացրել է, որ իրենք պարտավորվում են հանքը շահագործել 100% անվտանգության պայմաններում։

««Լիդիան»-ը հավաստիացնում է, որ Ամուլսարի շահագործումը ոչ մի կերպ չի ազդի շրջակա միջավայրի, ջրային և հողային ոլորտի վրա»։

Վարչապետի խոսքով՝ հնարավոր չէ հաշվի չառնել նաև Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այն դեպքում, երբ «Լիդիանը» հայտարարում է, որ բնապահպանական խնդիրներ չեն լինի, եթե հանքը չշահագործվի, Հայաստանը կարող է ունենալ տնտեսական խնդիրներ, խնդիրներ կարող են լինել նաև երկրի անվտանգության ոլորտում։ Վարչապետը չնշեց, թե անվտանգության վերաբերյալ կոնկրետ ինչ խնդիրներ կարող են լինել։

Ասաց՝ երկար մտածելու դեպքում յուրաքանչյուր քաղաքացի կարող է հասկանալ, թե ինչ խնդիրներ կարող են լինել։

Վարչապետը կոչ արեց նաև ջերմուկցիներին․«Ուզում եմ ևս մեկ անգամ պաշտոնապես խնդրել Ջերմուկի մեր սիրելի քաղաքացիներին, որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները, որովհետև դուք այդ ճանապարհները փակելու անհրաժեշտություն չունեք։ Դուք ունեք Կառավարություն, որը եթե տեսնի, որ դրա համար կան բոլոր լեգիտիմ, իրավական այդ թվում՝ բարոյական հիմքերը, ինքը կգնա և կփակի»։

Վարչապետն արդեն հանձնարարական է տվել ընդերքի տեսչական մարմնին, որպեսզի հանքի տարածքում անցկացվեն ստուգումներ և տրվեն այն հարցերի պատասխանները, որոնք առաջացել են նախարար Էրիկ Գրիգորյանի մոտ տեսակոնֆերանսից հետո։ Իսկ այն հարցերի պատասխանները, որ տեսչական մարմինը չի կարողանա տալ, կտա Քննչական մարմինը։ Կձևավորվի քննչական նոր խումբ, որ կքննի նախկինում եղած և նոր երևան եկած փաստերը։ Գործը հանձնվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ «Լիդիան» ընկերությունը նախատեսում է հանքի տարածքում շինարարությունը սկսել 2020 թվականի  ապրիլի-մայիս ամիսներին։ Իսկ շահագործման ամենամոտ ժամկետը 2020-ի 4-րդ եռամսյակն է, բայց ամենահավանական ժամկետը՝ 2021-ի առաջին եռամսյակը։