Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՀՀ օրհներգով մեկնարկեց ԱԺ երրորդ նստաշրջանի աշխատանքը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Այսօր մեկնարկել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները։ Նստաշրջանի առաջին նիստին գրանցվել է 95 պատգամավոր։

Հնչեց ՀՀ օրհներգը, և սկսվեց երրորդ նստաշրջանի աշխատանքը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց նստաշրջանի օրակարգը, որից հետո դրանք կդրվեն քվեարկության՝ օրակարգ մտցնելու համար։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքի նախագիծը քննարկման դնել։

Ըստ պատգամավորի՝ մինչ օրս բնակարաշինություն ունենք միայն Երևանում, մարզերում ապրող քաղաքացիները, որոնք ունեն բարձր աշխատավարձ չեն կարողանում օգտվել այդ հնարավորությունից իրենց մարզում։

«Մենք առաջարկում ենք, որ այս մեխանիզմը սկսի գործել նաև մարզերի բնակիչների համար և գործի երկրորդային շուկայից բնակարան գնելու պարագայում։ Թե ինչո՞ւ երկրորդային շուկայից, որովհետև մարզերում բնակարաշինություն չկա»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ նախկին օրենքը խտրականություն դնող է, և իրենց փորձում են այդ խտրականությունը վերացնել։

Ի դեպ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը օրենքի այս նախագծին բացասական եզրակացություն է տվել։ Էդմոն Մարուքյանը գործընկերներին առաջարկեց՝ եթե նույնիսկ նրանք դեմ են, ապա կողմ քվեարկեն, օրենքի նախագիծը բերեն օրակարգ՝ քննարկելու համար։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարծիք հայտնեց, որ այս օրենքի նախագիծը թեև «բարի» նպատակ ունի, բայց դրա տակ թաքնված ռիսկեր կան։

«Այս նախագծի հիմնական նպատակը ի սկզբանե եղել է կառուցապատումը խթանելը, այսինքն՝ այնպես անել, որ տեղերում շատ բնակարան վաճառվի, ոչ թե սոցիալական խնդիր լուծելը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է «խտրականութուն» եզրույթին, ապա ըստ պարոն Թունյանի՝ հակառակը՝ հենց այս օրենքի նախագիծն է խտրական։

«Որովհետև Երևանում ապրող մարդիկ կան, որոնք ունեն բնակարանի խնդիր, պարոն Մարուքյան, ու այնպես չի, որ Երևանում ապրողը ավելի լավ պայմաններ ունի, քան մարզերումը»,- նկատեց Բաբկեն Թունյանը։

Պարոն Թունյանը տեղին չհամարեց հարցը լիագումար նիստի օրակարգ մտցնել, որովհետև մասնագիտական քննարկում է եղել և որոշվել՝ այն ընդհանուր եզր չունի։ Հարցը դրվեց քվերարկության և այն չանցավ օրակարգ։