Հաստատվում են մասնագետների գրեթե բոլոր ասածները. բնապահպանը՝ Ամուլսարին վերաբերող տեսակոնֆերանսի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՆախօրեին տեղի ունեցավ տեսահամաժողով «Էլարդ» ընկերության հետ, որը զբաղվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ փորձաքննությամբ։
Համաժողովին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Բաբկեն Թունյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, «Լիդիան» ընկերության ներկայացուցիչներ և այլք։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հրաժարվել էր մասնակցել։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ չեն պատրաստվում «մաս կազմել «Էլարդի»-ի թատրոնին»։
«Մենք այդ կազմակերպության կողմից տրված եզրակացությունն ի սկզբանե ամբողջությամբ կասկածի տակ ենք դրել», - նշել էր նա։
Տեսաժողովի մասին կարծիք ստանալու համար «Ա1+»-ը կապ հաստատեց «Հայաստանի բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ, բնապահպան Լևոն Գալստյանի հետ։
Նա ասաց, որ համաժողովի մեկ ժամն է նայել։ «Ասվում էր այն, ինչ բոլորս ասում էինք «ԷԼԱՐԴ» -ի զեկույցի հրապարակումից հետո», - նշեց նա։
Բնապահպանի խոսքով՝ նաև հաստատվում են վերջին 7 տարում տարբեր մասնագետների գրեթե բոլոր ասածներն Ամուլսարի խնդիրների առնչությամբ։
Նշենք, որ «Բնապահպանական ճակատը» դեմ է Ամուլսարի շահագործմանը՝ պնդելով, որ այն աղետալի հետևանքներ կարող է թողնել Հայաստանի էկոհամակարգի վրա։