Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԳագԽաչ
A A
Հասարակություն

Քննվում է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը․ երեկոյան լրանում է նրա ձերբակալության եռօրյա ժամկետը

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ (2008-14 թթ․), ֆինանսների նախկին նախարար (2014-16 թթ․) Գագիկ Խաչատրյանին կալանավորելու՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը։

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման հատկանիշներով, իսկ նրա եղբորորդուն՝ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանին՝ առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման հատկանիշներով:

Դատական նիստը դռնփակ է։ Գագիկ Խաչատրյանը դատարան է մտել հետնամուտքով, հինգ հոգանոց փաստաբան խմբի անդամ Երեմ Սարգսյանը հաստատեց, որ Խաչատրյանի ներկա լինելու հանգամանքը։ 

Զուգահեռ քննվում է նաև Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցը։ Նիստի ընթացքում քննվում են նաև Խաչատրյանների ձերբակալության դեմ փաստաբանների բողոքը։ 

Նշենք նաև, որ Խաչատրյանի հինգ հոգանոց փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանն օգոստոսի 29-ին ասել էր, որ բողոքարկել է Խաչատրյանների ձերբակալման որոշումները։

Այս երեկո լրանում է նրանց ձերբակալության եռօրյա ժամկետը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը օգոստոսի 27-ին խուզարկություններ էր կատարել Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման կասկածանքով բերման էին ենթարկվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Նույն օրը ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում փաստաբանն ասել էր, որ Խաչատրյանին ձերբակալելու որոշումը իրավաչափ չէ։