Բացել լրահոսը Փակել լրահոսը
Zohrab Mnatsakanyan Malta Carmelo Abela 5
A A
Քաղաքականություն

«Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ». նախարար (տեսանյութ)

Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ։

«Մեզ ռուս ժողովրդի հետ միավորում է ընդհանուր պատմությունը, մշակութային և մարդկային սերտ կապերը։ Հայաստանի և Ռուսաստանի հետ համագործակցության դաշնակցային օրակարգը ծավալուն է, այն ներառում է ռազմաքաղաքական անվտանգության, էներգետիկ և ենթակառուցվածքների զարգացման, առևտրատնտեսական համագործակցության, կրթական և մշակութային փոխանակումների ծրագիրր և զարգանում է հասարակական կյանքի գրեթե բոլոր ուղղություններով։ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները և բոլոր անդամ երկրների միասնական շահերի մշակումը և հետապնդումը»,- ընդգծեց  Զոհրաբ Մնացականյանը։

Հայաստանը շարունակում է խորացնել Եվրամիության և դրա անդամ  երկրների հետ իր համագործակցությունը։ Ըստ նախարարի՝ Հայաստանը կարևորում է ԵՄ դերակատարությունը տարածաշրջանային համագործակցության ծրագրերում։

«Եվրամիության հետ համապարփակ և  ընդլայնված գործընկերության համաձայնագրի  հիմքով զարգացող փոխգործակցության համար կարևոր նշանակություն ունի քաղաքական երկխոսությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և պետական կառույցներին տրամադրվող աջակցությունը ոլորտային համագործակցությունը»,- ասաց նախարարը։

Ի՞նչ հարաբերություններ ունի Հայաստանը աշխարհի գերտերության՝ ԱՄՆ-ի հետ։

«Մենք բարձր ենք գնահատում Միացյալ նահանգների տնտեսական և ֆինանսական աջակցությունը, որն էականորեն նպաստել է մեր անկախության առաջին տարիներին սոցիալ- տնտեսական իրավիճակի կայունացմանը։ Վստահ ենք, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության հարթակը համագործակցության օրակարգը ընդլայնելու և խորացնելու նոր հնարավորություն է պարունակում»,- նկատեց արտգործնախարարը։

Ինչ վերաբերում է Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններին, ապա ըստ նախարարի, դրանք խարսխված են  բարիդրացիության վրա։ 2 երկրների հետ համագործակցության  զարգացումը  նպաստում է էներգետիկ  և տրանսպորտային փոխկապակցվածության  ընդլայնմանն ու  դիվերսիկացմանը։