Կույրերի միավորման անդամների համար Նիկողայոս Տիգրանյան փողոցը հատելը խնդիր է դարձել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿույրերի միավորման անդամների համար Նիկողայոս Տիգրանյան փողոցի հետիոտնային անցումից օգտվելը մեծ խնդիրներ է առաջացնում։ Արդեն 5 տարի է, ինչ փողոցի եթևեկությունը դարձել է երկկողմանի, փողոցը հատելը նրանց համար դժվարացել է։ Այս տարածքում ապրող կույրերի միավորման անդամները խնդրով դիմել են տարբեր պետական մարմինների, սակայն պատասխան չեն ստացել։
«Փողոցը միակողմանի չեն դարձնում։ Նախանցյալ տարի երկու հոգի մահացել են, անցյալ տարի 2 հոգի, էս տարի էլ մի հոգի անկողնում պառկած է։ Գալիս, անցնում են, ընկնում են ավտոյի տակ, կույր են։ Բազմիցս խնդրել ենք, որ փողոցը դարձննեն միակողմանի, քանի որ երկկողմանի տարբերակով հնարավոր չէ անցնել։ Հատկապես, որ տարածքում կույրեր են ապրում»,- ասում է Կույրերի միավորման կադրերի սկզբնական կազմակերպության վարչության նախագահ Ռաֆիկ Կոջանյանը։
Նա նշում է, որ նույն փողոցի հարակից հատվածում արդեն մեկ շաբաթ է, ինչ սալիկները քանդել են։ Տվյալ հատվածում էլ գտնվող դեղատնից օգտվում են միավորման անդամները, և փողոցի անհարթությունը վտանգավոր է տեսողության խնդիր ունեցողների համար։ Նրա խոսքով՝ այս հարցով դիմել են թաղապետարան, սակայն այնտեղից տեղեկացրել են, որ դիմեն հաջորդ շաբաթ, քանի որ հիմա ընդունելություն չկա։
Խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում, այս տարածքում կույրերի համար հատկացված շենքերում վերելակ չկա, ինչը եւս մեծ դժվարություն է առաջացնում։
Մանրամասները՝ տեսանյութում