Բացել լրահոսը Փակել լրահոսը
69447829_2939936696078038_5554695265639727104_n
A A
Քաղաքականություն

Հնարավորինս ամրապնդել Գյումրու օդանավակայանի պոտենցիալը․ Էդմոն Մարուքյանի կոչը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ժամանակին, երբ իմ կողմից բարձրաձայնվում էր Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ուղղություններ ավելացնելու անհրաժեշտության հարցը, այն բնականաբար բովանդակային քննարկման առարկա չդարձավ:

Այս անգամ որոշեցի ինքս օգտվել Գյումրու օդանավակայանից՝ հասկանալու համար, թե ինչ պայմաններ է այն առաջարկում ուղևորներին, և պետք է ասեմ, որ օդանավակայանն ունի զարգանալու մեծ ներուժ։

Պետք է նաև խորին շնորհակալությունս հայտնեմ տեղի սահմանապահ ծառայության, սպասասրահի և մաքսայինի աշխատակիցներին՝ մեծ պատասխանատվությամբ, ջերմությամբ ու պատրաստակամությամբ պատմելու համար, թե ինչպես կարող է իրենց օդանավակայանը զարգանալ և ինչպես են նրանք դրան սպասում ու պատկերացնում։

Մինչդեռ, ըստ այժմ ստացվող տեղեկությունների՝ իռլանդական «RyanAir» ընկերությունը մտնում է հայկական շուկա, սակայն պայմանագիր է կնքում ոչ թե «Շիրակ», այլ Զվարթնոց օդանավակայանի հետ, ինչը կրկին անգամ ուժեղացնում է Զվարթնոցի և հետևաբար թուլացնում Գյումրու օդանավակայանի դիրքերը։

Այսպիսով, կոչս է կառավարությանը՝ հնարավորինս ամրապնդել Գյումրու օդանավակայանի պոտենցիալը, բարելավել սպասասրահի պայմաններն ու ամենակարևորը վերջապես ջանք գործադրել ավելացնել նոր ուղղություններ «Շիրակ» օդանավակայանից՝ ամրապնդելու համար նրա դիրքերը և մրցակցային հնարավորությունները շուկայում։
Առանձնակի շնորհակալություն օդանավակայանի աշխատակից Հակոբին` օդանավակայանի մասին մանրամասն տեղեկություններ հաղորդելու համար»: