Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ռեստորանի աշխատողը դանակահարել է երեք հոգու (տեսանյութ)

Օգոստոսի 22-ի երեկոյան Դավիթաշենի 4-րդ թաղամասի փողոցներից մեկում վեճ ու կռիվ էր: Սպառնալիքներ էին հնչում, վիրավորանքներ: Մի պահ աղմուկն ավելի սաստկացավ, հետո ամեն ինչ լռեց…

Այդ մասին հայտնում են ոստիկանությունից։

Իսկ թե ովքեր էին, վեճն ինչով ավարտվեց, ժամը 23-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկացան «Արմենիա» բժշկական կենտրոնից: Հերթապահ բուժքույրը հայտնեց, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով երեք քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել: Սկզբում հիվանդանոց, ապա Դավիթաշենի 4-րդ թաղամաս մեկնած ոստիկաններն անհետաձգելի օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացրին: 

Դեպքը Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող ռեստորանի դիմաց էր կատարվել: Փողոցի տեսախցիկները ֆիքսել էին ծեծկռտուքը:

Շուտով դեպքի վայրում ձեռք բերված տվյալների և ստացված տեղեկությունների համադրությամբ ոստիկանները պարզեցին, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, տուժողների և նշված ռեստորանի աշխատակցի միջև ծագած վիճաբանության ժամանակ ռեստորանի 30-ամյա աշխատողն իր մոտ եղած ծալովի դանակով երեքին էլ դանակահարել է:

Կասկածյալը, որ Երևանի Մազմանյան փողոցի բնակիչ է, հաղորդումից ժամեր անց իր տնից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:
Նա խոստովանել է կատարածը:

Քրեական օրենսգրքի դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: