Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ներդրումային ծրագիր ունեցող երեք ընկերություն արտոնություն ստացավ (տեսանյութ)

Գերակա ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու համար արտոնություն ստացան երեք ընկերություններ: Այս որոշումն այսօր կայացրեց կառավարությունը՝ հերթական նիստի ժամանակ: Կառավարությունը բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՖԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը:

Զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, որ «ԱՖԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արգելակման կոճղակների արտադրության մեջ։

Ըստ նախագծի՝ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման համար, և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Բավարարվեց եւ արտոնություն կիրառվեց նաեւ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Լենտեքս» ՍՊԸ-ին:

«Լենտեքս» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գուլպայի, զուգագուլպայի, տրիկոտաժի արտադրության և թելի վերամշակման համար։ Երրորդ ըներությունը «ՊՐՈՖ ԱԼ»-ն է, որի ներմուծած ապրանքներն օգտագործվելու են ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ՝ այս երեք նախագծերով ընդհանուր առմամբ նախատեսվում է 11, 3 միլիրդ դրամի ներդրումային ծրագիր։