Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Գեղարքունիքի մարզում քաղաքացիներ են հոսպիտալացվել՝ աղիքային վարակին բնորոշ գանգատներով

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից օգոստոսի 18-ին՝ 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ` աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Վերջիններիս մոտ դիտվել է լուծ, փսխում, ջերմություն։ 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորն օգոստոսի 17-ին մասնակցել են տանը կազմակերպված խնջույքի` ուտելով թթվասերով և մայոնեզով համեմված հավի կրծքամսով աղցան, խոզի, հավի խորոված և տնային պայմաններում պատրաստված կրեմով թխվածք։ 

Հոսպիտալացված հիվանդների կենսանմուշները և սննդի մնացորդների նմուշները տեղափոխվել են Երևան՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Հիվանդների մոտ հայտնաբերվել է սալմոնելայի, ինչպես նաև ադենովիրուսի և նորովիրուսի ԴՆԹ: Հիվանդների վիճակը ներկայումս բավարար է, ունեն դրական շարժընթաց։ Աշխատանքները շարունակվում են. լաբորատոր հետազտությունների արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին  հիշեցնում և հորդորում է.

 

  • սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները)  օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,

 

  • չօգտագործել տնային պայմաններում պատրաստվող և շուտ փչացող սննդամթերք, հում մթերքներից պատրաստվող սոուսներ, աղցաններ,  

 

  • պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,

 

  • ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,

 

  • չգնել  արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա  պայմաններում պատրաստվող և վաճառվող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն, 

 

  • ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,

 

  • սննդամթերքը պահել պատշաճ ջերմային պայմաններում և փակ տարողություններում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով, 

 

  • առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ, բանջարեղեն և այլն),

 

  • սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում,

 

  • պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ,

 

  • հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, ամեն անգամ սնունդը պատրաստելուց  և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,

 

  • աղիքային վարակներին բնորոշ գանգատների դեպքում ՉԶԲԱՂՎԵԼ ինքնաբուժմամբ, անհապաղ դիմել բժշկական օգնության: