Բացել լրահոսը Փակել լրահոսը
69464207_425686004735266_1401336610506670080_n
A A
Հասարակություն

«Ամուլսարը սար է և վերջ»․ մանկասայլակներով երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման (տեսանյութ)

Ամուլսարի շահագործման դեմ պայքարին միացել են նաև երիտասարդ մայրերը՝ մանկասայլակներով և երեխաների հետ միասին։

Այսօր առավոտյան նրանք երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ միանալու մյուս ցուցարարներին, ովքեր հավաքված էին նախագահականի դիմաց։ Այնտեղ այս պահին ընթանում է Նիկոլ Փաշինյանի հետ Ամուլսարի հարցով հանդիպումը, որին, ինչպես ակնկալվում է, ներկա կգտնվեն բնապահպաններ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամներ, դպրոցների ներկայացուցիչներ և Ամուլսարի պահապանները։

Երիտասարդ մայրերը երթին մասնակցում էին «Ես էլ եմ ուզում օգտվել Ջերմուկի բարիքներից», «Հայաստանը առանց հանքերի», «Ամուլսարը սար է և վերջ» գրառումներով։

«Մենք այսօր Բաղրամյան 26 ենք գնալու՝ մեր զորակցությունը հայտնելու այնտեղ հավաքված մարդկանց և մեր ձայնը լսելի դարձնելու համար։ Մեր քաղաքացիական պարտքն ենք կատարում»,- նշեց մայրիկներից մեկը։

Նրանց ցանկությունը մեկն է՝ որպեսզի երեխաները մեծանան առողջ, մաքուր Հայաստանում, ունենան առողջ ապագա։

Ի դեպ, Բաղրամյան 26 հասնելուն պես՝ մի խումբ ոստիկաններ խոչընդոտեցին մանկասայլակներով երթի ընթացքը՝ հորդորելով ցուցարարներին անցնել մյուս մայթ։ Սակայն մայրիկները հրաժարվեցին փոխել ընթացքի ուղղությունը և նախընտրեցին ուղղակի ցույցը շարունակել տեղում կանգնած։