Ինչպե՞ս են Գյումրիում պատրաստվում քաղաքի օրվան
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրու օրվան ընդառաջ ասուլիս, բայց սկզբի համար՝ քաղաքական թեմաներին չանդրադառնալու առաջարկ Սամվել Բալասանյանից: Օգոստոսի 23-ին Գյումրիում մեծ տոնակատարություններ են լինելու, քաղաքն ամբողջ ծավալով է ներգրավվելու, բոլոր թաղամասերում են լինելու միջոցառումներ: Բոլոր միջոցառումների իրականացման համար հատկացվել է 8 մլն դրամ: ՀԿԵ-ի հետ կա պայմանավորվածություն, որ այդ օրը հավելյալ ժամով գնացքներն աշխատեն: Վերջին գնացքը Գյումրիից Երեւան կմեկնի 23:30-ին:
Այդ օրը կբացվի նաեւ Շիրազի փողոցը: Այս փողոցում էլեկտրասյուների հետ կապված խնդիրներ կան: Հողանցումներն են բացակայում: Սկզբում որոշվել էր քանդել, հողանցումներն ապահովել, սակայն հիմա նոր լուծում է գտնվել: Առանց կատարած աշխատանքը փչացնելու՝ կարեւոր այդ հարցը կկարգավորվի:
«Հնարավոր է՝ մի մասը քանդվի, շինարարական սխալ է եղել, կվերացնեն, հիմա արդեն սնուցում ենք տալիս, Ղորղանյանից Շիրակացի ընկած փողոցում դեռ չկա լուսավորություն, բայց դա էլ կլինի: Մալուխները, որ էդ ժամանակ մոնտաժեցին, ոնց որ քաղաքին նվեր արեցին, բայց հիմա, որ խնդիր է առաջացել մեկը մյուսին ասում է էդ նվերը չեմ անի, քաղաքապետռարանն էլ իր վրա վերցրեց եւ հիմա շինարարների հետ անում է էդ աշխատանքը»:
Ասուլիսի ժամանակ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Գյումրին մանրամասն ներկայացնելու համար:
«Որեւէ մեկը դեռ նման ձեւով Գյումրին չէր ներկայացրել: Այդ օրվանից հետո շեշտակի աճել է Գյումրի եկող զբոսաշրջիկների եւ հյուրերի թիվը»,-ասաց Սամվել Բալասանյանը: Պատմական մասում, սակայն, դեռ չլուծվող խնդիրներ կան: Շիրազի փողոցում 3 վթարային տուն կա: Դրանց տերերը երկրում չեն, տներն էլ կիսափուլ են:
«Մենք էս հարցում դժվարություններ ունենք: Լինում է, որ գալիս է ներդրողը, ուզում է էդ տարածքում մի գործ սկսի, տան տիրոջը գտնել չենք կարողանում: Էդպես դրանք մնում են: Բայց էդ տան տերերն էլ պետք է հստակ գիտակցեն, որ Գյումրիում իրենք գանձ ունեն, կարող են գալ, եւ բիզնես սկսել, ապրել, աշխատել Գյումրիում»,-ասաց քաղաքապետը:
Նման կիսափուլ շինություն էլ Շիրակի թեմի առաջնորդարանի հարեւանությամբ կա: Վարպետաց 119 հասցեում է: Հետաքրքրվել, մի կերպ կարողացել ենք պարզել, որ այդ տունը 3 սեփականատեր ունի, 3-ն էլ երկրում չեն:
Նաեւ պատմական նշանակության շենք-շինությունները կվերականգնվեն: Հիմնական պայմանը կմնա նույնը՝ կառույցներն անկախ սեփականատիրական ձեւից պահպանելու են նախկին տեսքը:
Ասուլիսի ընթացքում խոսվեց նաեւ Գյումրիում սկսված եւ դեռեւս չավարտվող փողոցաշինությունից: Սամվել Բալասանյանն ասաց՝ բոլոր փողոցներում էլ շինարարաները սկսել են մեծ թափով աշխատել: Աշխատանքի բարդ փուլը՝ ջրահեռացման համակարգերի եւ էլեկտրալարերի հետ կապված, արդեն անցել են: Ասֆալտապատման հետ կապված խնդիրներ չկան: Վերականգնվող 3 հրապարակից միայն խնդրահարույց է Մուշի հրապարակը՝ շինարարը վատ է աշխատում: Գյումրիում ՎԶԵԲ-ով իրականացվող փողոցաշինական աշխատանքների առաջին փուլը կավարտվի հոկտեմբերի 15-ին: Հաջորդ փուլով նախատեսվում է 33 փողոց հիմնանորոգել՝ 24 կմ ընդհանուր երկարությամբ եւ 428 հազար քմ մակերեսով:
Գյումրիում ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում նաեւ Համաշխարհային բանկի ծրագրով: Վերջապես քարաշեն կառույց կունենան «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի սաները:
-Խայտառակ իրավիճակում գտնվող մանկապարտեզ էր,-ասաց քաղաքապետը:
Ծրագրի ընդհանուր արժեքը 196 մլն դրամ է, որի 10 տոկոսը ներդրել է համայնքը: 5 տոկոսն արդեն փոխանցել են, մյուս մասը եւս շուտով կտրամադրեն: Այս մանկապարտեզի կառուցմամբ Գյումրիում ՀԲ-ով իրականացվող աշխատանքների առաջին փուլը կավարտվի, բացի Վարդանանց հրապարակի շինարարությունից:
Սուբվենցիոն ծրագրերով ընթացքի մեջ է 6 փողոցի շինարարություն՝ 4550 ընդհանուր երկարությամբ:
Մասնավոր ներդրողի կողմից Գյումրիում 70 նոր կանգառ կտեղադրվի: Նոր փոխադրամիջոցները հաջորդ տարի կբերվեն:
Այս պահին Գյումրու տարբեր թաղամասերում շարունակվում են փոսանորոգումները նաեւ: Ընթացքի մեջ է սոցիալական բնակարանաշինությունը նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 120 բնակարան է կառուցում, «Առդան»՝ 18:
Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցի կիսափուլ հանրակացարանի 2 տատիկները դեռ որեւէ ծրագրում որպես շահառու ընդգրկված չեն: Ըստ Սամվել Բալասանյանի, երկուսին միասին 2 սենյականոց վերանորոգված, բոլոր հարմարություններով բնակարան է առաջարկվել, տարեց կանայք, սակայն, հրաժարվել են հեռանալ իրենց փլատակից:
«Մենք էդ ամեն ինչը նկարահանել ենք, իրենք գրավոր հրաժարվեցին, ասում են մեզ էստեղ տվեք բնակարան, ինչը հնարավոր չէ: Հիմա էլ ասում են «Առդա»-ից տվեք: Փորձենք խնդրենք հիմնադրամին, եթե հնարավոր լինի բնակարան տան տատիկներին արտահերթ: Դա սեփականատերը պետք է որոշի, ոչ թե մենք: Այդ բնակարանը պետք է տարածքի սեփականատերը տար, ոչ թե մենք: Բայց չգիտեմ, թե ինչու դատարանը նման որոշում կայացրեց: Հիմա մենք ենք լուծելու խնդիրը»,-ասաց Սամվել Բալասանյանը:
Գյումրիում նաեւ բարեգործական 3 ծրագիր է իրականացվում ՝ «Սիմոնյան» կրթական հիմնադրամը «Թումո» կենտրոնն է կառուցում եւ բարեկարգելու է Գյումրու կենտրոնական զբոսայգին: Մեկ այլ ծրագրով «Բարեկամություն» այգին է վերակառուցվելու: Հիմնանորոգվելու է «Ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոց»-ի շենքը:
Տեղեկություններ կային, որ Գյումրու կենտրոնական զբոսայգին վարձակալության է տրված Վարդան Ղուկասյանի ընտանիքին: «Նման բան չկա, դա համայնքի սեփականությունն էր, եւ համայնքը որոշեց տրամադրել Թումոյին, 500.000 գումար են ներդրել, նոր ատրակցիոններ են բերելու: Իրենք դիմել էին իրավապահներին, մեզանից էլ ինչ տվյալներ ուզել են, տրամադրել ենք, հիմա տեսնենք ինչ կորոշեն: Իրավապահներին դիմել էին, ինչ-որ տարածքների ազատման հարցեր կային: Մենք իրենց ենք հանձնել, եւ հիմա մեզ հետաքրքիր է այն, որ վերականգնեն»,- ասաց Սամվել Բալասանյանը:
Գալիք տարվա մարտին արդեն եւս մեկ քայլ կկատարվի Վարդանանց հրապարակում: Նախատեսվում է եղեւնիները հանել, տեղափոխել Մայր Հայաստան հուշահամալիրի տարածք: