Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0747
A A
Հասարակություն

Կոյուղագիծը վթարային վիճակում է․ բնակիչները բողոքում են (տեսանյութ)

Երևանի Աղյուսագործների 82, 84, 86 հասցեներում ապրող քաղաքացիներն այժմ Ոստիկանության կենտրոնական բաժանմունքի շենքի դիմաց են։

Նրանք 4 ամիս շարունակ բողոքում են իրենց բնակարանները մոտակայքում տարածված կոյուղաջրերից։ 

Նրանք դիմել էին Երևանի ավագանու նախկին անդամ, հասարակական գործիչ Սոնա Աղեկյանին, «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանին, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին։ 

Այսօր Սոնա Աղեկյանը սրվակի մեջ կոյուղաջուր էր լցրել ու բնակիչների, հասարակական կազմակերպության անդամների և պատգամավորների ուղեկցությամբ գնացել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ Հայկ Մարությանին այն փոխանցելու։ 

Ակցիայի մասնակիցներին հանդիպել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության  վարչության պետի պաշտոնակատար Արարատ Խաչիկյանը։ 

Աղեկյանի և Խաչիկյանի միջև բախում էր տեղի ունեցել և ավագանու նախկին անդամին բերման էին ենթարկել ոստիկանական բաժանմունք։ 

Ակցիայի մասնակիցները բաժանմունքի մոտակայքում են։ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ քիչ անց Սոնա Աղեկյանը ազատ կարձակվի։ 

Աղյուսագործների 86 հասցեի բնակիչ Մարիամ Վարդանյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ կոյուղագիծն անցնում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Ելենա Սողոմոնյանին և  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դատավոր Հարություն Մանուկյանին պատկանող հողամասով։

Վարդանյանի խոսքով՝ 2019 թվականի փետրվարից կոյուղագիծը վթարային վիճակում է, սակայն դատավոր ամուսինները թույլ չեն տալիս այն տեղափոխել՝ պատճառաբանելով, որ կարող է՝ բնակարան կառուցեն։
 
Քիչ առաջ Սոնա Աղեկյանը դուրս եկավ բաժանմունքից։ Լրագրողների հետ զրույցում նա կոչ արեց Հայկ Մարությանին այցելել Աղյուսագործների փողոց և խնդրին լուծում տալ։ Նա խոստացավ, որ եթե քաղաքապետարանը որևէ քայլ չձեռնարկի, ապա երկուշաբթի օրը դույլերով են գալու քաղաքապետարան։
 
Աղեկյանը հավելեց, որ այժմ կոյուղաջուրը տանում են փորձաքննության։