Բացել լրահոսը Փակել լրահոսը
28db743
A A
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանը շարքային հանցագործի վարքագիծ է դրսևորում․ Արթուր Սաքունց (տեսանյութ)

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նորմալ է վերաբերում Սահմանադրական դատարանի մասին օրենքում կատարվող այն փոփոխությանը, համաձայն որի` եթե ՍԴ դատավորը այս տարվա օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնի, ապա մինչև պաշտոնավարման ժամկետը կշարունակի ստանալ իր աշխատավարձը, հավելավճարները, ինչպես նաև օգտվել տրված սոցիալական երաշխիքներից։

«Որովհետև դա հենց դատական իշխանության, դատավորների վեթթինգի բուն գործիքներից մեկն էր, որի իմաստը կայանում է նրանում, որ անձինք, որոնք չեն ապահովել դատարանի նկատմամբ հանրային վստահությունը, անցումային արդարադատության կոնտեքստում՝ հանրային համերաշխության ձևավորման մթնոլորտում ազատում են այդ պաշտոնները, և դրա դիմաց պետությունը վճարում է անհրաժեշտ գումարներ։ Եվ պետք է լրացվեն նոր մարդկանցով, որոնք կապահովեն այդ պետական ինստիտուտների վստահությունը, դա ոչ միայն Սահմանադրական դատարանի դատավորների կամ անդամների նկատմամբ, այլ բոլոր դատավորների նկատմամբ, դատաիրավական համակարգի բոլոր այն աշխատողների նկատմամբ պիտի կիրառվի, որոնք չեն ապահովել հանրային վստահությունը»,- ասաց Արթուր Սաքունցը։

Խոսելով նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի համար ստորագրահավաք իրականացնող փաստաբանների մասին՝ իրավապաշտպանն ասաց, որ դա քաղաքական բնույթի ակցիա է, երբ դատական համակարգի որևիցե ներկայացուցչին, որը իր որոշումներով վստահություն չի ներշնչել ու չի ներշնչում, փորձում են դատական իշխանության անկախության պահպանման անվան տակ իրականացնել այդ կոռումպացված համակարգի անձեռնմխելիությունը։

Անդրադարձ կատարելով նաև Ռոբերտ Քոչարյանի դատական գործերին ու նրա փաստաբանների գործողություններին՝ Արթուր Սաքունցն ասաց․

«Այն մարտավարությունը, որն ընտրել են փաստաբանները, ժամանակ շահելու, հանրային կարծիքը մանիպուլացնելու միտում ունի։ Ռոբերտ Քոչարյանը դրսևորում է շարքային հանցագործի վարքագիծ, որը փորձում է ամեն հնարավոր տարբերակներով խուսափել պատասխանատվությունից, բայց դա անօգուտ զբաղմունք է։ Իհարկե, բավականին լուրջ ֆինանսական ռեսուրսներ են ներդրված, հասկանում ենք, բայց իզուր անիմաստ զբաղմունք է»,- ասաց իրավապաշտպանը։

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննված Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) նախաքննական ցուցմունքին, Արթուր Սաքունցն ասաց, որ այդ գործով շատ մարդիկ են ասել շատ բաներ․ «Ուղղակի այստեղ հարց է առաջանում, թե իրապես ինչո՞ւ Օգանովսկին որպես մեղադրյալ ներգրավված չի, Սերժ Սարգսյանը ինչո՞ւ որպես մեղադրյալ ներգրավված չի»։

«Այսինքն՝ այստեղ քննչական մարմնի վարույթի որակի մասին է խոսքը։ Եվ պետք է ի վերջո հասկանալ, որ մեկ մարդու փոփոխությամբ, թեկուզ եթե դա պետն է, համակարգը չի կարող փոխվել, և շատ շուտ պետք է զտում արվեր։ Ես հասկանում եմ, որ ժամանակն էր շատ քիչ, հնարավորություններ և այլն, բայց արդյունավետության հետ կապված հարցեր կան, հարցեր, որոնք տրամաբանորեն նույն քրեական գործի շրջանակներում պետք էր անուխուսափելիորեն որոշումներ կայացվեին՝ որպես մեղադրյալներ ներգրավելու։ Թե չէ, մեկը՝ որպես մեղադրյալ ներգրավված է անտեղյակ է, էն մեկն էլ մեղադրյալ ներգրավված չի, բայց ընդհանրապես անտեղյակ է հա՞ իրեն պահում։ Եվ այս ոչ համակողմանի մոտեցումը ընտրողականի տեղ է թողնում, որը շահարկման հիմք է տալիս նախկին ինչ-որ կարկառունների, որոնք գիտեն, և իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս մարտի 1-ի հանցագործության մասին շատերը այնքան բաներ գիտեն և տարիներով թաքցրել են, որ սարսափում են, որ այդ ամեն ինչը բացահայտվի, որովհետև արդեն իրենք էլ պատասխանատվության կենթարկվեն իմանալ-չհայտնելու համար, հանցագործությունը կոծկելու համար»,- ասաց Արթուր Սաքունցը։