Բացել լրահոսը Փակել լրահոսը
69368035_775023452914813_80819215652618240_n
A A
Հասարակություն

Որսորդները հանդիպում են նախարարի հետ, ակնկալիքները քիչ են

Արդեն երրորդ անգամ է՝ Հայաստանի որսորդները Շրջակա միջավայրի նախարարության դիմաց փորձում են լսելի դարձնել իրենց բողոքը։ Կառավարության որոշումը, համաձայն որի՝ որս անելու լիցենզիա ստանալու համար նախկին 8000-ի փոխարեն որսորդները պետք է վճարեն 17 040 դրամ, չեն ընդունում։

«Ա1+»-ի հետ զրույցում որսորդները նշեցին, որ ընդունելի չէ նաեւ որսի շրջանի կրճատումը։

«Այս տարի որսի շրջանը նախորդ տարվանից մեկ շաբաթ ուշ է սկսում, օգոստոսի 24-ին է բացումը, եւ թույլ են տալիս միայն շաբաթ ու կիրակի օրերին որս անել»,- «Ա1+»-ին ասաց որսորդ Տիգրան Տիգրանյանը։

Որսորդները տեղեկացրին, որ որոշ որսորդմիությունների նախագահներ հանդիպում են Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ․

«Հանդիպման հրավիրել է անձամբ նախարարը։ Մենք այս հանդիպումից ոչ մի ակնկալիք էլ չունենք»,-ասացին որոսորդները։

Նրանք այս անգամ հստակ առաջարկներով էին եկել նախարարության դիմաց։

«Մենք առաջարկում ենք կարմիր գծերի նման լինի վճարը, եթե որոշել ենք, օրինակ, աղավնի որսալ, վճարում ենք աղավնու համար եւ որսում, կամ այլ թռչունի։ Հիմա լորի որսի շրջանն է, իսկ մենք դեռ չենք կարող որսը սկսել»։

Որսորդները տեղեկացրին նաեւ, որ լիցենզիա ստանում են ոչ բոլորը․

«Հիմա պետք է ծանոթ գտնենք, որպեսզի լիցենզիա ստանանք։ Դա էլ է վատ, մարդիկ տարիներ շարունակ որս են արել, ու կարող է լիցենզիա չստանան, արդյունքում՝ որսագողություն են անում»։