Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը». ԱԱԾ-ն պատասխանել է Լ. Բարսեղյանին

Գյումրիի  ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ստացել է  ԱԱԾ տնօրեն Ա.Վանեցյանին հղածս մի քանի հարցերի պատասխանը։

«Հարգելի պարոն Բարսեղյան,

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ` Ձեր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ լիազորված եմ պատասխանել հետևյալը.

Մենք շնորհակալ ենք Ձեզ դրա համար, որովհետև այդ հարցը հաճախ է դառնում շահարկումների առարկա։ Սա առիթ է մեզ համար պատասխանելու և հարցը մեկընդմիշտ փակված համարելու։

Ձեր հարցն ունի հստակ պատասխան։ 1918 թվականին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է ՀՀ ռազմական նախարարության գլխավոր շտաբի հետախուզության և հակահետախուզության բաժանմունքը։ Սա այն առաջին հայկական պետական կառույցն է, որն ունեցել է հատուկ ծառայությունների և ազգային անվտանգությունն ապահովելու գործառույթներ մեր պատմության նորագույն շրջանում։ Այո, մենք այս տարեթվից ենք հաշվում ազգային անվտանգության հայկական մարմինների հիմնադրումը և 2018 թվականին նշել ենք հիմնադրման 100-ամյա հոբելյանը։

Մենք համարում ենք, որ մեր կառույցի գործունեությունն ընդհատվել է Հայաստանի Հանրապետության խորհրդայնացմամբ, երբ մենք կորցրել ենք պետականությունը, իսկ 1991 թվականին պետականության վերակերտման արդյունքում և շնորհիվ մենք վերականգնվել ենք իբրև ՀՀ ԱԱԾ։ Այո, ցավալի է, որ տեղի է ունեցել նման տևական ընդհատում, բայց բոլորս էլ շատ լավ գիտենք, որ դա անկախ պետականության ընդհատում էր։ Անկախության կորուստը որևէ նորմալ մարդու կողմից չի կարող դրական գնահատվել։

Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը։ Ավելին՝ գիշեր-ցերեկ Հայաստանի և նրա ժողովրդի անվտանգությունն ապահովող մեր աշխատակիցները չեն կարող նույնացվել կամ համեմատվել ստալինյան դահիճների և գուլագների պատժիչների հետ։ Խորհրդային տարիներին տեղի ունեցած զանգվածային բռնություններն ու հետապնդումները մեզանում դատապարտվել են՝ վաղուց և մեկընդմիշտ։ Ավելին, կարծում եմ, որ նման թեմաների արծարծումն այսօր ժամանակավրեպ է։ Մեր երկրի հասարակական և քաղաքական օրակարգում չկա բանավեճ ամբողջատիրական համակարգի լավ կամ վատ լինելու մասին։ Փոխարենն այսօր մենք ունենք շատ ավելի հրատապ և արդիական խնդիրներ, որոնց լուծմամբ պայմանավորվելու է մեր երկրի տեսանելի ապագան։

Ձեր հարցերի մի առանձին խումբ վերաբերում է պատմական իրադարձություններին և դրանց տրվող, երբեմն, հակասական գնահատականներին։ Արդյո՞ք Հայաստանի խորհրդայնացումը կարելի է համարել բռնազավթում կամ ոչ, արդյո՞ք Խորհրդային Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ էր կամ ոչ և այլն։ ԱԱԾ տնօրենը պատմաբան չէ, քաղաքագետ չէ։ Նրա գործառույթներն այլ են։ Նա չի կարող պատասխանել նման հարցերի։

20-րդ դարում մեր երկրի և ժողովրդի ճակատագիրն իսկապես եղել է շատ բարդ ու հակասական, ողբերգական ու հերոսական։ Համոզված եմ, որ մեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ մենք կստանանք հետագա խոր և բազմակողմ ուսումնասիրությունների արդյունքում։

Այն, ինչ մենք պետք է գիտակցենք այսօր, հետևյալն է։ Մեր հասարակությունը մերժել է ոչ միայն խորհրդային տարիների բռնությունը, այլև մերժում է որևէ բռնություն քաղաքական կյանքում։ Մենք կառուցում ենք բռնությունից զերծ, ազատ հասարակություն և նայում ենք առաջ, ոչ թե հետ։

Հարգանքով և համագործակցության մեծ պատրաստակամությամբ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի օգնական Վահագն Բոյաջյան»