Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Նոր թանգարան-ցուցասրահ՝ Երեւանի կենտրոնում

Հայտնի գործիչների բրոնզաձույլ, մարմարե, գրանիտե դիմաքանդակներ, կիսանդրիներ, արձաններ, մոնումենտալ հուշարձաններ, գեղանկարնկարչական ու գրաֆիկական դիմանկարներ ու ինքնանկարներ, մարդկային խառնվածքների ճշմարիտ բնութագիր։

Նրա արվեստը արտացոլեց մի ողջ դարաշրջան։ Արմավիրի մարզի Շահրիար՝ ներկայիս Նալբանդյան գյուղում Հոկտեմբերյան հեղափոխությունից մեկ տարի անց ծնված, որպես արվեստագետ Մոսկվայում ստալինյան սոցռեալիզմի տարիներին կայացած Նիկողայոս Նիկողոսյանը կարողացավ պահպանել ստեղծագործական  ազատությունը, և ինչպես ինքն էր ասում, եթե անգամ տուրք էր տալիս «կոնյուկտուրային», ապա միայն ներկայանալի բնորդի ընտրության հարցում։

Անվանի քանդակագործը կյանքից հեռացավ անցյալ տարի։

Այսօր Սարյան փողոցում բացվում է  ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանի թանգարանը։

Քանդակագործի դուստր տիկին Գայանեի խոսքով՝ մեծանուն վարպետը Երևանի իր արվեստանոցում մեծ թվով քանդակներ էր թողել դեռ 70-ականներից: Ժառանգները որոշեցին վաճառել քանդակագործի՝ Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող արվեստանոցը, քաղաքի կենտրոնում տարածք գնել և բացել թանգարան-ցուցասրահ, որտեղ բացի հիմնական էքսպոզիցիայից՝ պարբերաբար կկազմակերպվեն նաև այլ նկարիչների ցուցահանդեսներ:

Բացման առիթով քանդակագործի՝ Մոսկվայի «Նիկո» արվեստանոց-ցուցասրահից նորաստեղծ թանգարան ժամանակավոր ցուցադրության են բերվել վարպետի գեղանկարչական կտավներից։