«Սանիթեք»-ը պատշաճ կերպով իրեն պատվիրակված լիազորությունը չի իրականացնում. խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան համայնքը և անձամբ քաղաքապետը ունի ուղղակի պարտավորություն՝ ապահովել Երևան քաղաքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Այդ պարտավորությունը 2013 և 2015 թվականների պայմանագրերի համաձայն` քաղաքապետարանը պատվիրակել է «Սանիթեք» ընկերությանը, և քանի որ մենք բոլորս արձանագրում ենք, որ «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով իրեն պատվիրակված լիազորությունը չի իրականացնում, քաղաքապետարանը ձեռնարկում է միջոցառումներ, որպեսզի իր պարտականությունը կատարի։ Այդ միջոցառումների թվում են աղբատար մեքենաների ձեռքբերումը և կիրառումը, աղբամանների ձեռքբերումը և տեղադրումը»,- ասաց Հակոբ Կարապետյանը։
Նա հիշեցրեց, որ աղբամանների տեղադրումը Դավիթաշեն վարչական շրջանում, որը եղավ նախորդ հանգստյան օրերին, եղել է օրենքի տառին համապատասխան, քաղաքապետարանը համապատասխան գրություններ է ուղարկել «Սանիթեք»-ին և այլ կառույցների, որպեսզի տեղյակ պահի իր այդ գործողությունների մասին, տեղյակ պահի, թե քանի աղբաման է տեղափոխվելու, և որտեղ են դրանք տեղադրվելու։
Հակոբ Կարապետյանի խոսքով՝ դրա մասին «Սանիթեք» ընկերությունը ծանուցվել է, այդ աղբամանները հիմա Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմի կողմից են պահպանվում։
«Վճարումների հետ կապված քաղաքապետարանը կիրառում է տույժեր, պահումներ «Սանիթեք» ընկերության նկատմամբ, այն չափով, որ չափով իրենք չեն կատարում իրենց պարտականությունները»,- ասաց հակոբ Կարապետյանը։
Դիտարկմանը, որ դա օգուտ չի տալիս, Հակոբ կարապետյանն ասաց, որ այս պահին օգուտ են տալիս քաղաքապետարանի ներկրած մեքենաները, որոնք գերբեռնված կերպով մասնակցում են աղբահանության գործընթացին, ևս 3 մեքենա երեկ արդեն Երևանում էր, և մոտակա օրերին նորից կսկսեն աշխատել։ «Եվ մենք շաբաթ առ շաբաթ համալրումները ստանում ենք, և ամեն մի համալրման հետ զուգահեռ բնականաբար աղբահանությունն իրականացնելն ավելի թեթև կլինի և արդյունքներն ավելի տեսանելի կլինեն»,- ասաց Հակոբ Կարապետյանը: