Պետք է օպտիմալ լուծում գտնենք. քննարկում՝ ՄԻԵԴ վճիռների և դրանց համար պատասխանատուների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՄԻԵԴ-ի վճիռներն ընդդեմ Հայաստանի, և ինչպես առողջացնել դատական համակարգը թեմայով տեղի ունեցած քննարկմանը անդրադարձ կատարվեց Բուզանդի 13 հասցեի բնակիչ Յուրի Վարդանյանի գործով ՄԻԵԴ վճռին։
Բանախոսներից փաստաբան Մուշեղ Շուշանյանը, խոսելով այդ վճռի հետևանքների մասին, ասաց, որ Յուրի Վարդանյանը կստանա արդարացի փոխհատուցում՝ իր խախտված իրավունքների դիմաց՝ սա ուղիղ հետևանքն է։ Մյուսը, ըստ նրա, այն է, որ ՀՀ կառավարությունը պետական բյուջեից պիտի վճարի այդ փոխհատուցումը։
Նա նշեց, որ կան տարբեր կարծիքներ՝ մասնագետների, իրավապաշտպանների, իրավաբանների կողմի հնչեցրած, որոնց մի մասը պնդում էր, որ ԵԴ-ի վճիռներով սահմանված փոխհատուցման գումարները պետությունը հետագայում պետք է բռնագանձի այդ իրավունքների խախտումների համար պատասխանատու մեղավոր պաշտոնատար անձանցից, մասնավորապես՝ դատավորներից, իսկ մյուսը խումբ իրավաբաններն էլ նշել են, որ դա կարող է սառեցնող ազդեցություն ունենալ դատարանների վրա՝ արդարադատության իրականացման պրոցեսում, և պետք չէ գնալ նման արմատական քայլի։
«Երկու խմբի մոտեցումների մեջ էլ ճշմարտություն կա, և պետք է օպտիմալ լուծում գտնենք դրա միջակայքում։ Ես գտնում եմ, որ այն բոլոր դեպքերում, երբ մարդու իրավունքների խախտումները կատարվել են ուղիղ դիտավորությամբ, պետությունը պետք է հետադարձ պահանջ ներկայացնելու իրավունք ունենա այն դատավորների դեմ, որոնք պատասխանատու են այդ իրավունքների խախտումների համար։ Դատավորները պետք է կոնկրետ գույքային պատասխանատվություն կրեն»,- ասաց Մուշեղ Շուշանյանը։
Քննարկմանը ներկա ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը համամիտ էր Մուշեղ Շուշանյանի հետ՝ նշելով, որ իրոք անհրաժեշտ է մշակել համապատասխան մեխանիզմ այս դեպքերի համար։
«Եթե դատավորների կողմից տեղի են ունեցել կոպիտ խախտումներ, որոշակի հետևանքներ ու արձագանքներ դա պետք է նախատեսի։ Եվ իրոք այս ոլորտում մենք ունենանք միգուցե օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն։ Արդարադատության նախարարությունը ներկայումս աշխատում է նման մի նախագծի վրա, ԲԴԽ-ն էլ է այդ նախագծի վրա աշխատում»,-ասաց Վիգեն Քոչարյանը։
Քննարկմանը մասնակից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ խոսեց այն մասին, թե ինչ նպատակ է հետապնդում իր կողմից ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։ Նա տեղեկացրեց, որ իր և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը հիմնված է եղել «Հետք»ի հրապարակած նյութի վրա, որը 2012 թվականին է հրապարակվել, բայց այդ ժամանակվանից ի վեր իրավապահ մարմինները ընթացք չեն տվել այդ հարցերին։
«ՄԻԵԴ հայտնի դարձած վճռից հետո ես կրկին հրապարակել եմ իմ ֆեյսբուքյան էջում «Հետք» պարբերականի նշված հոդվածը՝ հարցազրույցը Պավել Անդերսոնի հետ, հորդորել եմ իրավապահ մարմիններին հետամուտ լինել։ Ես նաև առանձին հարցում եմ ուղարկել ՀՔԾ՝ խնդրելով պատասխանել, թե այսօր ինչ գործողություններ են իրականցրել»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը։