Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131282 (1)
A A
Հասարակություն

ՀՀ վերաքննիչ դատարանը հրաժարվում է կատարել Եվրոպական դատարանի վճիռները․ փաստաբան (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանը պարզապես հրաժարվում է կատարել Եվրոպական դատարանի վճիռները։

Խոսելով ՄԻԵԴ վճիռների մասին՝ փաստաբանն ասաց, որ Մարտի 1-ի գործերով կոնկրետ կա 5 վճիռ, որոնցով ճանաչվել են իրավունքի խախտումներ։ Նա տեղեկացրեց, որ այդ գործերից կոնկրետ 3-ը ինքն էր ներկայացրել ԵԴ, և ՄԻԵԴ վճիռներից հետո իր կողմից ներկայացվել են այդ դատական ակտերը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ բողոքներ։

«Բողոքները ներկայացվել են Վերաքննիչ, ինչպես նաև Վճռաբեկ ատյաններ։ Խոսքը գնում է կալանքի որոշումները վերանայելու մասին։ Այսինքն՝ ԵԴ-ն ճանաչել էր, որ այդ անձանց կալանավորելու հիմքերի անհրաժեշտություն չի եղել։ Վերանայման վարույթները կոնկրետ Վերաքննիչ դատարանի կողմից հարուցվել են։ Հենց այսօր, հենց հիմա Վերաքննիչ դատարանում պետք է քննվեր իմ վստահորդ Վարդգես Գասպարիի գործով ներկայացված մեր բողոքը, բայց ես ու իմ վստահորդը, խորհրդակցելով, որոշեցինք այդ բողոքի քննությանը չմասնակցել, որովհետև նախորդ նմանատիպ գործերի փորձը ցույց է տալիս, որ դա անիմաստ է, որովհետև ՀՀ վերաքննիչ դատարանը պարզապես հրաժարվում է կատարել ԵԴի վճիռները։ Ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում»,- ասաց Մուշեղ Շուշանյանը։

Նա նաև բացատրեց, թե ինչու մենք ունենք այդ պատկերը։ Փաստաբանի խոսքերով՝ նրանք ասում են, որ ԵԴ-ն արդեն իսկ ճանաչել է իրավունքի խախտումը, այսինքն՝ գտել է, որ կալանքի համար անհրաժեշտ և բավարար պատճառներ չեն եղել։

«Եվ ասում են, որ հիմա, եթե մենք այդ կալանքի 2008-2009 թվականների որոշումները բեկանենք և վերացնենք, դա որևէ հետևանք չի կարող առաջացնել դիմողի խախտված իրավունքները վերականգնելու տեսանկյունից։ Որովհետև դիմողները 2008-2009 թվականներից արդեն ազատության մեջ են։ Սա մի անհեթեթ պատճառաբանություն է, և սրանով ՀՀ դատարանները պարզապես հրաժարվում են կատարել ԵԴ վճիռները, ինչի վերաբերյալ համապատասխան դիմումներով կդիմենք ԵԽ նախարարների կոմիտեին»,- ասաց Մուշեղ Շուշանյանը։