Բացել լրահոսը Փակել լրահոսը
60.thumb
A A
Քաղաքականություն

Եթե վարչապետը չհրապարակի գաղտնի փաստաթուղթը, հետեւություն կանենք, որ ստել է․ Արթուր Ղազինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակի փաստաթուղթը, որի մասին երեկվա իր ուղիղ եթերում հնչեցրել էր, որպեսզի բոլորն իմանան, թե ինչի մասին է խոսքը, «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

Հիշեցնենք՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ արձակուրդի ժամանակ փաստաթղթի է ծանոթացել, որ նախորդ իշխանությունների ժամանակ է կազմած եղել՝ 2014-ին։ Ըստ վարչապետի՝ փաստաթուղթը կարեւոր է նրանով, որ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, կամ ինչ վիճակում է եղել․

«Որովհետեւ այն պրոբլեմները, ինչն այստեղ գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել»,- ասել էր նա:

 Արթուր Ղազինյանը կարծում է, որ վարչապետը երկու իմաստ է դրել իր հայտարարության մեջ․

«Առաջինը՝ ցույց տալ, որ Հայաստանում առկա է ճգնաժամ, առկա է կաթվածահար վիճակ, իր իսկ կողմից նշված՝ ինստիտուցիոնալ համակարգի կաթվածային վիճակ, ինչո՞ւ․․․Բնականաբար պետք է բարդել նախկին իշխանությունների վրա, չնայած որ ինքը նաեւ ունի իր սեփական պատասխանատվության հսկայական չափաբաժինը նոր ստեղծված իրավիճակում։ Բայց քանի որ դա իր ձեռագիրն է, դա իր քաղաքական ոճն է՝ երբեք չլինել պատասխանատու որեւէ բանի համար, հետեւաբար՝ փորձ արվեց մեղքը բարդել նախկին իշխանությունների վրա։ Եւ այն առավել արժանահավատ դարձնելու համար հղում արվեց 2014 թվականի մի ուսումնասիրության կամ զեկույցի վրա»,- ասաց նա։

Պարոն Ղազինյանը նշեց, որ իր ղեկավարած կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ պարզել եւ հասկանալ՝ կա՞ արդյոք այդպիսի փաստաթուղթ, թե՞ ոչ․

«Եթե կա, ապա դա պետք է հրապարակվի, քանի որ գաղտնիության գրիֆը հանվեց վարչապետի կողմից՝ հայտարարելով այն մասին, որ կա այդպիսի փաստաթուղթ․դրա համար դա այլեւս գաղտնիք չէ։ Եթե չհրապարակի, մենք դրանից հետեւություն կանենք, որ ինքը ստել է․այսինքն՝ չկա այդպիսի փաստաթուղթ։ Եթե ինքը հղում է արել այդ փաստաթղթի վրա, թող բարի լինի՝ պարտադիր դա հրապարակի, մենք էլ իմանանք՝ ինչի մասին է խոսքը։ Իսկ եթե իրականության մեջ այդպիսի փաստաթուղթ չկա կամ դա չհրապարակվի, ապա մենք կհամարենք, որ ստեղծված ամբողջ իրավիճակի պատասխանատվությունն ընկնում է անձամբ իր եւ իր կողմից ղեկավարվող քաղաքական ուժի վրա։ Եւ երկրորդը, տեսեք, ֆեյսբուքյան հարթությունում գործում է ակտիվ խումբ, որը մի այդպիսի բան էր կիրառում՝ 20 տարվա քանդածը մեկ տարվա ընթացքում վերականգնելու թեզը։ Սա փաստացի մի նոր լեգիտիմ հիմք է, որ այս թեզը նորից սկսի ակտիվորեն շրջանառվել, որ այն ձախողումները, որոնք առկա են այս մեկ տարվա ընթացքում, փաստացի դառնան արդեն իսկ նախկինների մեղավորությունը»,-ասաց պարոն Ղազինյանը։

Արթուր Ղազինյանը, գնահատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության մեկամյա գործունեությունը, որակեց այն մեկ բառով՝ «խոսքահոսություն»․

«Միայն խոսել, շատ խոսել, անընդհատ խոսել, խոսել խոսելու մասին եւ առայժմ ոչինչ չանել։ Ես ծանոթ չեմ որեւէ կոնցեպցիայի, որեւէ դոկտրինայի, որեւէ գաղափարի, զարգացման տեսլականի, մի տրաֆարետային կոռուպցիայի դեմ պայքար, միայն տրաֆարետային եւ ականջահաճո հայտարարություններ»,-եզրափակեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։