Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հերթական սուտն է․ Գուրգեն Եղիազարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)

Քաղաքական գործիչ Մենուա Հարությունյանը նշում է, որ մի երկրում, որտեղ չկա սահմանադրականություն, այն կառավարվում է մի անձի կողմից, ու կառավարման ձևը գնում է դիկտատուրա, չի կարող լինել խոսքի ազատություն։

«Գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունները բռնազավթելուց հետո Նիկոլն ամեն բան պետք է անի՝ բռնազավթելու համար չորրորդ իշխանությունը»,- ընդգծում է Հարությունյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքի անդամները դեռևս մեսիջներ են հղում զանգվածային լրատվամիջոցներին, որպեսզի ենթարկեցնեն իրենց։

Իսկ այն լրատվամիջոներերը, որոնք չեն ենթարկվի, ըստ քաղաքական գործչի, կենթարկվեն կտտանքների։ «Ստի էյֆորիան վերանում է»,- շարունակում է նա՝ հավելելով, որ երկար չի կարող տևել այսպիսի վիճակը։

Անդրադառնալով Իջևանում վերջերս տեղի ունեցած դեպքերին՝ նա նշեց, որ կառավարությունը հասկացնել է տվել, որ եթե ժողովրդի մի հատվածը դուրս գա իշխանությունների դեմ, անկախ բարձրացրած խնդիրներից, կհայտարարվի, որ նախկին իշխանությունն է կանգնած խնդիր բարձրացնողների հետևում, ու կսկսվի ժողովրդի ջարդը։

Քաղաքական գործիչ Վալոդյա Հովհաննիսյանը նույնպես այն կարծիքին է, որ ձևավորվում է Նիկոլ Փաշինյանի «անձնական տիրանիա»։ 

Անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Իջևանի դեպքերի վերաբերյալ գնահատականին, թե ինչ-որ ուժեր են կանգնած ցույցերի կազմակերպման ետևում՝ Հովհաննիսյանն ասաց, որ մինչև հիմա մի մարդու անուն չի ներկայացվել։ 

Հովհաննիսյանի ասածին արձագանքեց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը՝ ասելով․ «Չի էլ ներկայացնելու», իսկ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Որովհետև չկա նման բան»։

Նա «քաղաքական ստախոսություն» որակեց Վանեցյանի հայտարարությունը՝ հավելելով, որ  «մութ սենյակում սև կատուներ փնտրելու» «հոգեգար տենդն ազգին տանում է կործանման»։

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը, անդրադառնալով ֆերմեր Տիգրան Եղոյանի՝ բռուցելոզով հիվանդ մսերի առկայության մասին հայտարարությանը, ասաց․ «Հայաստանում ոչ միայն բռուցելոզ կա, կա նաև սարսափը՝ սիբիրախտ։ Եվ մենք այս ընթացքում փակում ենք գյուղնախարարությանը և ականջալուր չենք լինում ֆերմերին»։

Հրապարակախոսը հավելեց, որ Վայոց Ձոր մարզպետ Տրդատ Սարգսյանը նույնիսկ ֆերմեր Եղոյանին չի թողել, որ անասուններին բարձրացնի սարը։ Նա կոչ արեց մարզպետին  «գործ չունենալ» Եղոյանի հետ և զբաղվել մարզային խնդիրներով։ «Վաղը անգործության համար (Եղոյանն օրերս հայտարարել էր, որ Վայոզ Ձորի մարզպետն անգործության է մատնված, կասկածելի կադրային քաղաքականություն է վարում – հեղ․), ազգադավ գործունեության համար, ամենայն հավանականությամբ կդատվեք։ Ի՞նչ է նշանակում ընկնել մի մարդու հետևից, որ ասում է՝ «Պանիրը ստանալուց փոշի են խառնում»»,- հավելեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին արած հայտարարությանը՝ կապված գաղտնի փաստաթղթի հետ, որ 2014-ից հետո պետական ինստիտուտները կաթվածահար են եղել՝ Եղիազարյանն ասաց, որ վերջինս գնում է Վիետնամ ու Սինգապուր՝ հանգստանալու այն դեպքում, երբ, ըստ  փաստաթղթի, երկիրը կործանման եզրին է։

Եզրափակելով՝ հրապարակախոսն ասաց, որ չկա այդպիսի փաստաթուղթ և որ «Փաշինյանը հերթական սուտն է ասել, որպեսզի մնա իշխանության»։