Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131198
A A
Հասարակություն

«Սանիթեք»-ը եկել էր ասուլիսին՝ ասելու, որ դեռևս բան չունի ասելու․ ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ (տեսանյութ)

««Սանիթեք»-ի ասուլիսի ժամանակ մենք ղեկավարությունից չլսեցինք, թե ինչո՞ւ է այս հիմնարկը ձախողում Երևան քաղաքում աղբահանություն իրականացնելու գործընթացը։ «Սանիթեք»-ը եկել էր ասուլիսին՝ ասելու, որ դեռևս բան չունի ասելու»,- նշում է Երևանի ավագանու«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը։ Նրան անհանգստացնում է այն, որ «Սանիթեք»-ի հետ դեռեւս չկա լուծարված պայմանագիր,սակայն քաղաքապետարանը Դավթաշեն վարչական շրջանում իրականացնում է աղբահանություն։

Նրա կարծիքով՝ դա կարող է տարբեր խնդիրներ առաջացնել։

«Երեկ, երբ վարչական շրջանի աշխատակիցները հավաքում էին «Սանիթեք»-ի աղբամանները և տեղադրում էին քաղաքապետարանի աղբամանները, կոնֆլիկտ առաջացավ։ «Սանիթեքը»-ը բարձրաձայնում էր, թե՝ ձեզ ո՞վ է թույլ տվել իմ աղբամաններին ձեռք տալ, երբ ես տեղյակ չեմ։ Հավատում եմ, որ քաղաքապետարանը ուզում է մաքրել քաղաքը, բայց դա այնպես պետք է անել, որ հետագայում խնդիրներ չունենանք՝ նույն այդ արբիտրաժային դատարանի և իրավական ակտերի հետ կապված» -ասաց նա։

Իսկ Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանի կարծիքով՝ «Սանիթեք» ընկերությունը ասուլիսի ժամանակ ներկայացել է զոհի կարգավիճակում և կոնստրուկտիվ ոչ մի քայլ չի ներկայացրել․

«Խոսվեց, որ քաղաքապետարանի կողմից չեն եղել երաշխիքներ՝ ներդրումներ անելու համար, իսկ ի՞նչ երաշխիքների մասին կարող է խոսել մի կազմակերպություն, որը իր պայմանագրային կետերում միշտ ունեցել է բացթողումներ և չի կատարել իր պարտավորությունները։ Իր խոստացված 2000 աղբամաններից 200-ը եկավ, և անգամ այդ ժամանակ չցանկացան կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները, չտեղադրվեցին մետաղական աղբամանները, և ձեռք բերվեցին պլաստմասե աղբամաններ»,- ասաց նա։

Նա նաև նշեց, որ հրատապությունից ելնելով՝ մինչև հոկտեմբերի վերջ կտեղադրվեն խոստացված 8000 պլաստմասե աղբամանները, սակայն քննարկումներ կան՝ հետագայում մետաղե աղբամաններ շահագործելու համար, որը, Հայկ Հովհաննիսյանի կարծիքով, ծախսային և սպասարկման առումով ավելի ճիշտ է։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ քաղաքապետի՝ ««Սանթեք»-ի հետ, թե առանց «Սանիթեք»-ի մաքրելու ենք քաղաքը» արտահայտությունը հնարավոր է՝ «Սանիթեք»-ի մոտ խնդիր է առաջացրել, և նրանք չեն ցանկացել ներդրումներ անել, քանի որ քաղաքապետարանը իրենց այդ առումով երաշխիքներ չի տվել, որ իրենց հետ համագործակցությունը կշարունակվի։