Ոսկու գինն էլի աճեց
Աջակցիր «Ա1+»-ինՉնայած գնորդների պակաս կա, այդուհանդերձ ոսկու գները աճել ու աճում են:
Վաճառողները գների թանկացումներից չեն ուրախանում, որովհետեւ դրանից իրենց եկամուտը չի ավելանում: Ավելին, կորցնում են շուկա մտնող հատուկենտ գնորդներին:
Այս երկու շաբաթների ընթացքում 1 գրամ ոսկու գինը ավելացել է 2-3 դոլարի չափով: Եթե նախկինում 58 հարգի ոսկու 1 գևամը 21 դոլարից էր սկսվում, ապա հիմա այն 23-ից պակաս հնարավոր չէ գնել: Մաքուր ոսկին վաճառվում է 35,5-36 դոլար, նախկին 32,5-33-ի փոխարեն:
«Կախված է նրանից, թե ինչ գործ է: Եթե շատ օրիգինալ գործ է, ապա ավելի թանկ է հաշվարկվում, եթե պարզ գործ է, ապա հաշվում ենք 23 դոլարով: Դե, ամենալավ վաճառվող գործերն էլ ամուսնական մատանիներն են: Ճիշտ է, ոչ բոլորն են մեծ քաշով գնում, բայց թեկուզ քիչ քաշով ստիպված գնում են»,- «Ա1+»-ին ասաց Խորենացու վրա գտնվող ոսկու շուկայի վաճառող Արմենը:
Նույն տարածքում ոսկու կրպակներից մեկի վաճառողուհի Նելին էլ փաստեց, որ շատ վատ է վաճառքը. «Դե թանկացման հետ կապված ոչ մեկին ձեռք չի տալիս այդ գնով ոսկի գնել: Սպասում են, որ կիջնի, նոր կգան գնելու, բայց չգիտեն, որ հնարավոր է` էլի բարձրանա գները»:
Մեկ ուրիշն էլ նշում է, թե իրենց եկամուտը չի ավելանում թանկացումներից. «Մենք միշտ նույնչափ եկամուտ ունենք, թե թանկ ժամանակ, թե էժան»:
Ի դեպ, ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 16.11.2009-22.11.2009թթ.-ի համար սահմանվել է մեկ գրամ քիմիապես մաքուր ոսկու պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով, գնման գին` 12720.38 (+362.76), բացթողնման գին` 13826.5 (+394.3): Այսինքն, եթե մեկ շաբաթ առաջ ոսկին գնել են 12357.62 դրամով, ապա հիմա այն ավելացել է 362,76 դրամով, իսկ բացթողնման գինը 13432.20 դրամ էր, ավելացել է 394,3 դրամով: